Իլոն Մասկը և նրա թիմը Հարավային Ավստրալիայի կառավարության հետ միասին ավարտել են 100 մեգավատ հզորություն ունեցող Powerpack համակարգի տեղադրումը:
Tesla ընկերության ներկայացուցիչները, վերականգնվող էներգիայի աղբյուրների արտադրությամբ զբաղվող Neoen ֆրանսիական ընկերությունը և Consolidated Power Projects ինժեներական ընկերությունը միացել են Հարավային Ավստրալիայի վարչապետ Ջեյ Վետերիլլին մարտկոցի պաշտոնական մեկնարկի համար, հաղորդել է ABC-ն:
Ջեյմսթաունի հարևանությամբ գտնվող Neoen Hornsdale հողմակայանին միացված Powerpack համակարգը հանդիսանում է պետության էներգետիկայի որոշ լուրջ խնդիրների լուծման փորձ:
Ամեն ինչ սկսվեց, երբ Մասկին Twitter-ում հարցրեցին, արդյոք նա կկարողանա լուծել Հարավային Ավստրալիայի էներգետիկ խնդիրները: Մասկը պատասխանեց, որ եթե նրան չհաջողվի կառուցել մարտկոցը 100 օրվա ընթացքում, ապա նահանգը կստանա այն անվճար:
Ժամանակի հաշվարկը սկսվել է սեպտեմբերի 29-ից, չնայած նրանք արդեն ավարտել էին նախագծի աշխատանքների զգալի մասը:
Չնայած այն հանգամանքին, որ նահանգն էներգիայի մեծ մասը ստանում է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, Հարավային Ավստրալիան խիստ կարիք ունի լուծելու էներգետիկայի հետ կապված հարցը 2016 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումից հետո:
Powerpack համակարգը նպատակաուղղված է «Հարավային Ավստրալիայի էներգետիկ համակարգի կայունացմանը» և արտադրում է բավականաչափ էներգիա` ավելի քան 30 000 տուն ապահովելու համար:
2017 թվականի մարտին նահանգի կառավարությունը հայտարարել էր 150 միլիոն դոլար ընդհանուր ծավալով ֆոնդի ստեղծման մասին` վերականգնվող էներգիայի աղբյուրների բնագավառում մշակվող նախագծերի աջակցման համար: Tesla ընկերությունն ընտրվել էր ավելի քան 90 մասնակիցներից:
«Աշխարհի խոշորագույն լիթիում-իոնային մարտկոցի կառուցումը ռեկորդային ժամանակահատվածում ցույց է տալիս, որ կայուն և արդյունավետ էներգետիկ լուծումը հնարավոր է»,- ասել է Tesla-ի ներկայացուցիչը:
«Մենք հպարտ ենք, որ Հարավային Ավստրալիայի վերականգնվող էներգետիկայի ապագայի մի մասն ենք կազմում և հուսով ենք, որ այս նախագիծը կդառնա օրինակ ամբողջ աշխարհում ապագա տեղադրումների համար»: