Վերջերս ԱՄՆ ռազմածովային ուժերը Օկ-Րիջի Ազգային լաբորատորայի հետ համատեղ մշակել են նավի նախատիպ, որը տպել են ընդամենը չորս շաբաթվա ընթացքում:
Ամբողջ աշխարհում զինված ուժերը եռաչափ տպագրությունը դիտարկում են որպես մատչելի և արդյունավետ ռեսուրս հետագա առաքելությունների համար, սկսած մարտական ինքնաթիռների համար նախատեսված պահեստամասերի տպագրությունից մինչև հրթիռների և նույնիսկ զինվորների համար սննդի տպագրություն:
Զենք կամ տրանսպորտային միջոցներ տպելու գաղափարը մինչ այժմ համարվում էր գիտական ֆանտաստիկայի ժանրից, սակայն դա այն է, ինչը զորքերը կկարողանան օգտագործել հաջորդ մի քանի տարիների ընթացքում: Ստորջրյա նավի եռաչափ օրինակը մշակվել է Ռազմածովային գիտահետազոտական լաբորատորիայի թիմի (NSWC) կողմից: Այն ստացել է Optionally Manned Technology Demonstrator անվանումը, որը նախատեսված է US Navy SEAL ստորաբաժանման կողմից օգտագործման համար:
Թիմը սկսել է աշխատանքը 2016 թվականի օգոստոսին և օգտագործել է զանգվածային արդյունաբերական 3D տպիչ Big Area Additive Manufacturing (BAAM) անվանմամբ ածխածնային մանրաթելերի վեց բաժինների արտադրության համար, որոնք այնուհետև վերածվել են 9 մետր երկարություն ունեցող տրանսպորտային միջոցի: Կորպուսի մշակման աշխատանքները թիմը պետք է ավարտեր չորս շաբաթվա ընթացքում: Առաջին շաբաթվա ընթացքում հետազոտողները զբաղվել են նախագծման աշխատանքներով, իսկ մեկ շաբաթ անց սկսել են տպել բաղադրիչները: Այժմ այն համարվում է ամենամեծ 3D ռեսուրսը:
Էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն` ավանդական կորպուսի արժեքը տատանվում է 600 000-ից մինչև 800 000 ԱՄՆ դոլար և, որպես կանոն, դրա կառուցումը տևում է 3-5 ամիս: Մինչդեռ այս տարբերակը 90%-ով ավելի մատչելի է և պատրաստվել է «մի քանի օրվա ընթացքում»: Դա մեծ նշանակություն ունի զորքերի համար, քանի որ նշանակում է, որ պահեստամասերը կամ հատուկ նախագծված սարքավորումները կարող են շատ արագ պատրաստվել և տեղակայվել:
Թիմն արժանացել է NAVSEA Commanders մրցանակի իր աշխատանքի համար և այժմ ծրագրում է տպել նավի երկրորդ անջրանցիկ տարբերակը, որը փորձարկումներ կանցնի և կկիրառվի արդեն մինչև 2019 թվականի սկիզբ: