Սովորական շենքերը կորցնում են մինչև 20 տոկոս ջերմություն պատուհանների պատճառով: Մեծ ապակե կոմերցիոն շինությունների համար այս թիվը շատ ավելի բարձր է: Դա հանգեցնում է ջեռուցման ընթացքում բարձր ծախսերի: Սակայն այժմ հետազոտողները գտել են սովորական պատուհաններն արևային ջեռուցիչների վերածելու միջոց` օգտագործելով արևի էներգիան` պատուհանի ջերմաստիճանը բարձրացնելու նպատակով:
Օգտագործելով նանոտեխնոլոգիան` Գոթեմբուրգի համալսարանի հետազոտողները ստեղծել են պլազմոնիկ նանոալեհավաքներ, որոնք կլանում են լույսը և տաքացնում այն մակերեսը, որտեղ դրանք տեղակայված են: Նույնիսկ այդ դեպքում դրանք մնում են թափանցիկ և անգույն և գրեթե ամբողջությամբ պահպանում են արևի լույսի գունային սպեկտրը:
«Մենք մշակել ենք սովորական ապակե պատուհաններն արևային ջերմային էկրանների վերածելու զարմանալիորեն պարզ, մատչելի և արդյունավետ միջոց, որոնք կարող են զգալիորեն փոխել բնակելի և աշխատանքային տարածքների ջերմային բալանսը, մասնավորապես, հաշվի առնելով ժամանակակից ճարտարապետության մեջ օգտագործվող հսկայական ապակե մակերևույթները»,-ասել է առաջատար հետազոտող Ալեքսանդր Դմիտրիևը:
Ներկայումս թիմն աշխատում է ավելի բարձր ջերմաստիճանի ձեռքբերման վրա` ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթման կլանման հաշվին: