Գիտնականներն աշխատում են պրոթեզների համար նախատեսված արհեստական նյութի ստեղծման վրա, որը արևային էներգիայի շնորհիվ կնմանվի մարդկային մաշկին:
Շատ մարդիկ փորձում են խուսափել արևի ճառագայթներից, սակայն եթե էլեկտրոնային մաշկի այս նոր տեսակը սկսի կիրառվել պրոթեզավորման բնագավառում, ապա արհեստական վերջույթներ կրողներն անպայման կցանկանան հնարավորինս շատ ժամանակ անցկացնել արևի տակ:
Հետազոտողներն աշխատում են խելացի մաշկի ստեղծման վրա, որտեղ ներկառուցված են հատուկ տվիչներ, որոնք նմանակում են մարդկային մաշկի շոշափողական զգացողությունը: Դրա շնորհիվ մարդիկ, ովքեր զրկվել են իրենց սեփական վերջույթներից, կարող են զգալ ճնշումը, ջերմաստիճանը և նույնիսկ խոնավությունը: Սակայն հարց է ծագում, թե իրականում ինչպես է պետք վերահսկել նման ֆուտուրիստական նյութը:
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականների մի խումբ հանդես է գալիս մի տարբերակով, որն օգտագործում է արևի ճառագայթները: Քանի որ այն արտադրում է իր սեփական էներգիան բնական աղբյուրից, ինժեներները հաստատում են, որ էլեկտրոնային մաշկը կաշխատի ավելի երկար, քան այլ նմանատիպ նյութերը, որոնք սնուցվում են մարտկոցներով կամ կապված են սպառվող էներգիայի աղբյուրին: Բացի այդ, տվիչների առկայությունը զգալիորեն կհեշտացնի պրոթեզների օգտագործման գործընթացը:
Ինժեներներից կազմված թիմն ամրացրել է պրոթեզավորված ձեռքի հետին հատվածին էներգագեներացնող ֆոտոգալվանային էլեմենտների շերտ: Տվիչները պատրաստված են գրաֆենից` ճկուն նյութից, որը պողպատից ամուր է և թափանցիկ:
«Սենսորային շերտի թափանցելիությունը հիմնական առանձնահատկությունն է, որը թույլ է տալիս ֆոտոէլեկտրական էլեմենտներին արդյունավետ հավաքել լույսը»,- ասում է թիմը:
Այնուհետև նրանք փորձարկել են ձեռքը, ինչի ընթացքում այն իրականացրել է մի քանի վարժություններ, օրինակ` հաջողությամբ բռնել է փափուկ առարկաներ:
Արևային մաշկի համար անհրաժեշտ է ընդամենը 20 նանովատ հզորություն մեկ քառակուսի սանտիմետրի համար, այսինքն ամենամատչելի ֆոտոգալվանային մարտկոցներն անգամ բավարար են: Ներկայումս թիմն աշխատում է, որպեսզի կարողանան պահել ստացված արևի էներգիան և այն օգտագործել այն վայրերում, որտեղ լույսի պակաս կա:
«Մեր հաջորդ քայլն էներգիայի գեներացման տեխնոլոգիայի հետագա զարգացումն է, որն այս հետազոտության հիմքն է կազմում և օգտագործումն այն շարժիչների սնուցման համար, որոնք կառավարում են պրոթեզային ձեռքը»,- նշել են նրանք: «Դա կարող է թույլ տալ ստեղծել ամբողջովին էներգիայից կախված պրոթեզային վերջույթ»: