Մյունհենի տեխնիկական համալսարանի գիտնականները զարգացրել են հոլոգրաֆիկ պատկերման գործընթացը, որն օգտագործում է Wi-Fi հաղորդչի ճառագայթումը շրջակա միջավայրի եռաչափ պատկերների ստեղծման համար` մինչև անգամ սանտիմետրի ճշգրտությամբ:
Եվ եթե օպտիկական հոլոգրամների համար անհրաժեշտ է բարդ լազերային տեխնոլոգիա, ապա Wi-Fi հաղորդչի միկրոալիքային ճառագայթմամբ հոլոգրամների ստեղծումը պահանջում է միայն երկու ալեհավաք` անշարժ և շարժական: Միկրոալիքային ճառագայթումը պատի միջով ֆիքսող և ազդանշանի փոփոխության միջոցով մարդու ներկայությունը հայտնաբերող տեխնոլոգիաներ արդեն գոյություն ունեն: Սակայն այս հետազոտության նորույթը կայանում է նրանում, որ պատկերները հայտնվում են Wi-Fi հաղորդչի կամ բջջային հեռախոսների ազդանշանների հոլոգրաֆիկ մշակման շնորհիվ:
«Օգտագործելով այս տեխնոլոգիան` մենք կարող ենք ստեղծել Wi-Fi հաղորդչի շուրջ գտնվող տարածության եռաչափ պատկերն այնպես, ասես մեր աչքերը կարող են տեսնել միկրոալիքային ճառագայթումը»,- ասել է Ֆրիդեման Ռեյնխարդը` Emmy Noether հետազոտական խմբի ղեկավարը: Քանի որ Wi-Fi-ի ազդանշանները թափանցում են պատերի միջով, սա նշանակում է, որ ապագայում այն կարող է կիրառվել ձնակույտի կամ երկրաշարժից հետո փլատակների տակ գտնվող զոհերի հայտնաբերման համար: Դասական մեթոդները թույլ են տալիս հայտնաբերել միայն այն վայրերը, որտեղ գտնվում են մարդիկ, մինչդեռ հոլոգրաֆիկ ազդանշանների մշակումը կկառուցի ավերածությունների տարածական պատկերը: Տեսանելի կդառնան արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց փրկելու ամենաօպտիմալ և անվտանգ ուղիները:
Այս տեխնոլոգիան դեռ գտնվում է զարգացման նախնական փուլում: Սակայն նրանց համար, ովքեր մտահոգվում են իրենց գաղտնիության մասին, Ռեյնխարդն ասել է, որ շարժական ալեհավաքը բավականին մեծ չափեր կունենա և այն հնարավոր չի լինի աննկատ տեղադրել: