Էքսեթերի համալսարանի գիտնականները ստեղծել են գրաֆենից պատրաստված բարձրախոսի սկզբունքորեն նոր տեսակ, որի համար անհրաժեշտ չեն մեխանիկական տատանումներ:
Նոր բարձրախոսի աշխատանքը հիմնվում է գրաֆենի ջերմաստիճանի փոփոխության վրա, ինչը հանգեցնում է ձայնի առաջացմանը: Նախկինում գրաֆենն արդեն օգտագործվել է բարձրախոսների ստեղծման համար, սակայն դրանից պատրաստվել են դիֆուզորներ, ինչը հանգեցնում էր սարքի աշխատանքի արդյունավետության մեծացմանը: Նոր բարձրախոսի դեպքում բացակայում են բոլոր շարժվող մասերը, ինչը թույլ է տալիս մի քանի անգամ նվազեցնել չափը և բարձրացնել արդյունավետությունը:
Արդեն երկար տարիներ գրաֆենը համարվում է մոգական նյութ, որը խոստանում է հեղափոխություն իրականացնել տարբեր ոլորտներում` ճկվող հեռախոսներից մինչև ուլտրաբարակ տրանզիստորներ և կոնտակտային ոսպնյակներ գիշերային տեսողության համար: Այժմ այս ցուցակում ավելացել է բարձրախոսը: Էքսեթերի համալսարանում իրականացվող նոր հետազոտությունն օգտագործում է գրաֆեն շատ փոքր չիպի ստեղծման համար, որը համատեղում է բարձրախոս, ուժեղացուցիչ և գրաֆիկական էկվալայզեր:
Ի տարբերություն դասական բարձրախոսների` գրաֆենի նոր մեթոդն իր մեջ ներառում է գրաֆենային շերտի արագ տաքացում և հովացում էլեկտրական հոսանքի միջոցով: Գրաֆենային թաղանթն ընդարձակվում և սեղմվում է, ինչն ազդում է շրջակա օդի վրա և առաջացնում ձայնային ալիքներ: Մեխանիկական բաղադրիչների բացակայությունն օդի ֆիզիկական տեղաշարժման համար նշանակում է, որ գրաֆենի համակարգը կարող է լինել զգալիորեն բարակ և փոքր, քան սովորական բարձրախոսը:
Ներկայումս հետազոտական խումբն ուսումնասիրում է գրաֆենի տեխնոլոգիայի կիրառման հնարավորություններն ուլտրաձայնային վիզուալիզացման և ազդանշանների համակցության բարելավման համար: