Շվեդիայի Լունդա համալսարանի հետազոտողները ստեղծել են լուսանկարչական սարք, որը կարող է վայրկյանում հինգ տրիլիոն կադր կամ այնպիսի իրադարձություններ նկարահանել, որոնք տեղի են ունենում վայրկյանի 0.2 տրիլիոներորդ մասում: Սովորական տեսախցիկները կարող են վայրկյանում մոտավորապես 100 000 կադր նկարահանել:
Նոր գերարագ տեսախցիկի շնորհիվ հնարավոր կլինի նկարահանել քիմիական, կենսաբանական և ֆիզիկական արագ գործընթացներ, որոնք այլ կերպ հնարավոր չէ ֆիքսել լուսանկարներում կամ տեսանյութում:
«Պայթյուններ, պլազմայի բռնկումներ, կենդանիների մոտ ուղեղի ակտիվություն և քիմիական ռեակցիաներ`այժմ մենք կարող ենք նկարահանել այսպիսի չափազանց կարճ գործընթացներ»,- հայտարարել է սարքի համահեղինակ Էլիաս Քրիստենսոնը:
Քրիստենսոնը և նրա գործընկեր Անդրեաս Էնը մտադիր են FRAME անվանումը ստացած տեսախցիկն օգտագործել նկարահանելու համար այրումը, թե ինչպես է դա տեղի ունենում մոլեկուլային մակարդակում:
FRAME տեսախցիկը տարբերվում է սովորական մոդելներից: Գերարագ տեսախցիկների մեծ մասը «որսում է» պատկերները մեկը մյուսի հետևից` արագ հաջորդականությամբ: Սակայն շվեդական սարքն օգտագործում է համակարգչային ալգորիթմ, որը ֆիքսում է մի քանի կոդավորված պատկերներ մեկ լուսանկարում, այնուհետև դրանք վերածվում են տեսաշարքի:
Գիտական գործընթաց նկարահանելու համար, ինչպիսին է օրինակ` քիմիական ռեակցիան, տեսախցիկն այն ենթարկում է լույսի ազդեցությանը լազերային բռնկումների կիրառմամբ: Յուրաքանչյուր լուսային իմպուլսին վերագրվում է ունիկալ կոդ և օբյեկտն արտացոլում է լույսի այդ բռնկումները, որոնք միավորվում են մեկ լուսանկարի մեջ: Այնուհետև այդ պատկերներն առանձնանում են համակարգչային վերծանման բանալու միջոցով:
Հետազոտողները նշում են, որ արագության նոր ռեկորդի սահմանումից բացի, տեսախցիկի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ կարող է լուսանկարել քիմիական փոփոխություններն իրական ժամանակում: Առանց այս նոր գերարագ տեսախցիկի հետազոտողները կկարողանային միայն վիզուալիզացնել այդպիսի արագ իրադարձությունները` նկարահանելով գործընթացի անշարժ պատկերները, բացատրել է Քրիստենսոնը: