Ֆունկցիոնալ սիլիկոնային սիրտը մի գեղեցիկ օր կարող է օգտագործվել որպես արհեստական օրգան:
Մասնագետների նպատակն է ստեղծել 3D տպագրության օրգաններ, որոնք հնարավոր կլինի փոխպատվաստել: Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականները 3D տպիչի միջոցով ստեղծել են սիլիկոնային սիրտ: Օրգանը կշռում է 390 գրամ, իսկ ծավալը 679 խորանարդ սանտիմետր է:
Գիտնականների խոսքերով` արհեստական սրտի հիմնական խնդիրներից է այն, որ մետաղական և պլաստմասե մեխանիզմները շատ դժվար է ինտեգրել հյուսվածքի մեջ: Դրանք կարող են վնասել այն կամ արյունը մեխանիկական և ոչ բնական շարժումների պատճառով:
Սակայն հետազոտողների խմբին հաջողվել է լուծել այս խնդիրը` փափուկ արհեստական սիրտն աշխատում է սիլիկոնային փորոքների շնորհիվ, որոնք գործում են ճիշտ այնպես, ինչպես իսկական սրտի դեպքում:
Արհեստական սրտի նոր մոդելը շատ խոստումնալից է, սակայն ոչ բավականաչափ կայուն, որպեսզի այն սկսեն փորձարկել մարդկանց վրա: Սարքի պահուստային ուժը բավարարում է մոտավորապես 3000 հարվածի համար, դա ընդամենը 30-45 րոպե տևողությամբ աշխատանք է: Գիտնականները մտադիր են ստեղծել սիրտ, որը կկարողանա աշխատել գոնե մի քանի տարի:
Արհեստական սիրտը հնարավոր չի լինի փոխպատվաստել ընդմիշտ, սակայն սիլիկոնային օրգանը միանգամայն հնարավոր է օգտագործել այն ժամանակ, երբ հիվանդին նախապատրաստում են վիրահատության:
Փափուկ սրտի առավելությունը կայանում է նրանում, որ անտիկոագուլյանտային թերապիայի կարիք այլևս չի լինի: Արհեստական սրտի գոյություն ունեցող մոդելները պատրաստված են պլաստիկից, պողպատից, տիտանից և պահանջում են անտիկոագուլյանտներ թրոմբի ձևավորման կանխարգելման համար: Արյունը նոսրացնող նյութերի երկարատև օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, ներքին արյունահոսությունների վտանգը:
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` սրտանոթային հիվանդությունները, այդ թվում սրտի կաթվածները, ինսուլտը և քրոնիկական սրտի անբավարարությունը, հանդիսանում են մարդկանց մահվան հիմնական պատճառները: Ամեն տարի այդ հիվանդությունների պատճառով մահանում է ավելի քան 17 միլիոն մարդ: