Նախագիծը ստեղծվել է DLR գերմանական ավիատիեզերական կենտրոնի կողմից` Քյոլնում գտնվող արևային թրծավառարանի հիման վրա: Փորձարկման ժամանակ օգտագործվել է ավելի քան 147 հայելի, ինչպես նաև մի քանի քսենոնային լամպեր, որոնք կիրառվում են կինոպրոյեկտորներում:
Աղյուսները ստեղծվել են 3D տպիչ սեղանի վրա: Յուրաքանչյուր շերտի հաստությունը կազմել է 0,1 մմ: Նյութը թրծվել է 1000 °C ջերմաստիճանի ներքո: 20 x 10 x 3 սմ չափ ունեցող մեկ աղյուսի պատրաստման համար անհրաժեշտ է եղել մոտավորապես 5 ժամ:
Իրական լուսնային հողի բացակայության պատճառով ցուցադրության համար օգտագործվող լուսնափոշին պատրաստվել է երկրային հրաբխային նյութի հիման վրա և մշակվել է այնպես, որ կարողանա բաղադրությամբ և չափերով նմանակել իրական լուսնափոշուն:
«Որպես սկզբնական նյութ օգտագործվել է JSC-2A լուսնային հողի նմանակիչ»,- ասել է եվրոպական տիեզերական գործակալության գիտնական Ադվենիտ Մակայան: «Գերմանական ավիատիեզերական կենտրոնի մեր աշխատակիցը որոշակի վերլուծություններ է իրականացրել փոշու քիմիական բաղադրության, չափի բաշխման և խտության հետ կապված, և մենք համեմատել ենք արդյունքներն Apollo առաքելության տվյալների և NASA-ի կողմից մշակված JSC-1A նմանակիչի հետ: Արդյունքները գոհացուցիչ էին»:
Զավեշտալի է, բայց արևը Հյուսիսային Եվրոպայում կարող է լինել նույնքան հազվադեպ, որքան իրական լուսնափոշին, ինչի հետևանքով հետազոտողներն ավելացնում են մի շարք քսենոնային լամպեր ամպամած օրերին:
Աղյուսների շնորհիվ հնարավոր կլինի ապագա շինարարությունը տիեզերքում` առանց մեր մթնոլորտի սահմաններից ծանր շինարարական նյութեր դուրս հանելու:
«Այս աղյուսներն ապացուցում են եռաչափ օբյեկտների տպագրման գաղափարը` օգտագործելով միայն լուսնային հող և արևի լույս»,- շարունակում է Մակայան: «Այս մոտեցումը զգալիորեն նվազեցնում է Երկրից նյութական կամ բարդ սարքավորումների տեղափոխման անհրաժեշտությունը: Այն առաջարկում է տեղային ռեսուրսների օգտագործման կայուն միջոց կառույցների ստեղծման և սարքավորման համար»: