Գիտնականներն առաջին անգամ լաբորատոր պայմաններում աճեցրել են ցողունային բջիջներ, որոնք արյուն են արտադրում, ինչը կարող է օգնել ստեղծել արյուն փոխներարկումների համար, ինչպես նաև արյան հիվանդություն ունեցող մարդկանց բուժման համար` ոսկրածուծի փոխպատվաստման փոխարեն օգտագործելով հիվանդների սեփական բջիջները:
«Ոսկրածուծի փոխպատվաստումն առաջարկում է սպիտակարյունության, մանգաղ բջջային հիվանդության և արյան մի շարք այլ հիվանդությունների բուժում»,- ասել է Վայլ Քորնելի բժշկական քոլեջի դոկտոր Ռաֆայել Լիսը: «Խնդիրը կայանում է նրանում, որ բազմաթիվ հիվանդներ չեն կարողանում գտնել ոսկրածուծի ապահովման համար համապատասխան դոնոր` անհրաժեշտ արյունն առողջ բջիջներով վերականգնելու համար: Այս խնդիրը լուծելու համար մենք փորձում ենք մշակել հուսալի լաբորատոր մեթոդներ ոսկրածուծի հիմնական բաղադրիչի ստեղծման համար, որոնք են` արյունատար ցողունային բջիջները»:
Արյան ցողունային բջիջների ստեղծման համար հետազոտողները վերցրել են բջիջներ կենդանիների թոքերի պատերից, այնուհետև օգտագործել են չորս սպիտակուցների խումբ` արյան ցողունային բջիջներ ստանալու համար: Արյան վերածրագրավորված ցողունային բջիջները վերականգնում են մկների ընդհանուր արյան համակարգը կյանքի ողջ տևողության ընթացքում, ինչպես նաև խթանում են իմունային համակարգը:
«Այժմ մենք փորձարկում ենք մեր մեթոդը կապիկների վրա, և եթե արդյունքերը լինեն գոհացուցիչ և հեմատոլոգիական չարորակ նորագոյացությունների նշաններ ի հայտ չգան, ապա մեր մեթոդը հնարավոր կլինի տեղափոխել հիվանդանոցներ», – ասել է Լիսը:
Լիսի թիմը միակը չէ, որ հաջողությունների է հասել այս ոլորտում: Վերջերս հրապարակված մեկ այլ հետազոտություն իրականացվել է Հարվարդի բժշկական դպրոցի կողմից, որը սկսվել է մարդու պլյուրիպոտենտային ցողունային բջիջներից, վերաբերում է այն ցողունային բջիջներին, որոնք մարդու օրգանիզմում ընդունակ են վերածվել ցանկացած այլ տեսակի բջիջների: Այնուհետև նրանք կիրառել են սպիտակուցներ, որոնք, ինչպես նրանք հայտնաբերել են, նպաստում են պլյուրիպոտենտային բջիջների վերափոխմանը արյան ցողունային բջիջների: