Robocop-ն այժմ քայլում է Դուբայի փողոցներով`պաշտպանելով քաղաքացիներին և ապահովելով կարգուկանոն Արաբական Միացյալ Էմիրություններում:
Առաջին ռոբոտ-ոստիկանը պաշտոնապես միացել է Դուբայի ոստիկանության կազմին: Ռոբոտի հասակը կազմում է 170սմ, իսկ քաշը` 100կգ: Այն հագեցած է սենսորային էկրանով, որը կարող է օգտագործվել հանցագործությունների մասին տեղեկացնելու համար, ինչպես նաև այնպիսի տուգանքների վճարման համար, ինչպիսին է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը:
Ռոբոտը կարող է խոսել ավելի քան վեց լեզուներով, ինչպես նաև կարող է ճանաչել էմոցիաները և դեմքի արտահայտությունները և համապատասխանաբար արձագանքել:
PAL Robotics-ը նկարագրում է իր ռոբոտին ինչպես «մարդանման սպասարկող ռոբոտ», որը կարող է ինքնուրույն տեղաշարժվել կամ ղեկավարվել հեռակա: Մեկ լիցքավորումից հետո ռոբոտը կարող է աշխատել ութ ժամ:
Ինչպես հայտնել է Դուբայի ոստիկանության ներկայացուցիչը` ռոբոտը մշակվել է, որպեսզի օգնի մարդկանց կարգուկանոն հաստատել առևտրի կենտրոններում և փողոցներում, ինչպես նաև պայքարել հանցավորության դեմ, ապահովել քաղաքային անվտանգությունը:
Չնայած Robocop-ը չի կարող լուծել բարդ հանցագործության դեպքեր, սակայն այն կարող է տեղեկատվություն ստանալ իրավախախտումների մասին և փոխանցել դրանք համապատասխան մարմիններին:
Դուբայը ծրագրում է, որ մինչև 2030 թվականը ոստիկանության անձնակազմի ավելի քան 25%-ը կազմված կլինի ռոբոտներից, մտադիր է նաև կառուցել աշխարհի առաջին «խելացի ոստիկանական բաժինը», որտեղ կաշխատեն միայն ռոբոտներ: