Ճանապարհային մակերևույթի թերությունները ստեղծում են բազմաթիվ խնդիրներ`մեքենայի վնասման վտանգ և ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ: Սակայն նույնքան դժվար է այդ թերությունների վերացումը: Հոլանդացի գիտնականներն առաջարկել են ինքնավերականգնվող ասֆալտի նախագիծ` ներկառուցված պողպատի մանրաթելերով և հատուկ բակտերիաների առկայությամբ, որոնք ընդունակ են վերականգնել ասֆալտի փոքր ճեղքերը` կանխելով դրանց չափերի մեծացումը: Եվս մեկ առավելություն` էլեկտրական մեքենայի մարտկոցի լիցքավորման հնարավորություն, մինչ մեքենան սպասում է լուսակրի կանաչ լույսին:
Ինչպես նշում է հետազոտական խմբի ղեկավար Էրիկ Շլանգենը, ներկայումս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որպեսզի գաղափարը կյանքի կոչվի: Վերականգնման համար անհրաժեշտ է ինդուկցիոն մեքենա, որն արտադրում է բավականաչափ ջերմություն վերականգնման գործընթացի համար:
Շլանգենը կարծում է, որ այս ճանապարհը կարժենա մոտավորապես 25%-ով ավելի շատ, քան սովորական ճանապարհը: Այնուամենայնիվ, արդյունքը զգալիորեն կգերազանցի սկզբնական ծախսը: Նոր մոտեցումը թույլ կտա կրկնապատկել ճանապարհների ծառայության ժամկետը և զգալիորեն կնվազեցնի տեխնիկական սպասարկման ծախսերը: Բացի այդ, նմանատիպ ասֆալտը կնպաստի էլեկտրական լիցքավորման կայանների անհրաժեշտության նվազեցմանը:
Դեռևս պարզ չէ, թե երբ կսկսվեն նոր ծածկույթի փորձարկումները, սակայն առաջին փորձարկումներն անցկացվել են Հոլանդիայում դեռ 2010 թվականից: Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են հրաժարվել ասֆալտի նոր տեսակի օգտագործումից: Բացի այդ, էլեկտրական մեքենաների ստեղծողները պետք է անցնեն մարտկոցների նոր տեսակների կիրառմանը, ինչը պահանջում է նոր ծախսեր և մեքենաների արժեքի ավելացում: