Երբ Կարլոս Մաստրանժելոն 50 տարեկան հասակում սկսեց տառապել տեսողական խնդիրներով, որոնց հետ բախվում է իր տարիքի մարդկանց մեծ մասը` նա չէր կարող տեսողությունը կենտրոնացնել մոտ գտնվող առարկաների վրա, և նրա ակնաբույժը հայտնեց, որ նա ստիպված է ակնոցներ կրել ամեն անգամ, երբ ցանկանա գիրք կարդալ:
“Ես անընդհատ մտածում էի, թե ինչու ես պետք է օգտվեմ տեխնոլոգիայից, որը ստեղծվել է դեռ Բենջամին Ֆրանկլինի կողմից»,- հիշում է Մաստրանժելոն: «Ես չեմ ապրում 18-րդ դարում»:
Սակայն առավել նյարդայնացնում էր այն փաստը, որ նա ստիպված էր անընդհատ դնել և հանել այդ ակնոցները գրեթե ամբողջ օրվա ընթացքում: Օրինակ, երբ մեքենա ես վարում, ակնոցները խանգարում են նայել ճանապարհին, սակայն դրանք պետք են GPS էկրանին նայելու համար:
Այդ իսկ պատճառով, Մաստրանժելոն` Յուտա նահանգի համալսարանի էլեկտրոնիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի պրոֆեսոր, ինքնուրույն գտավ խնդրի լուծումը և ստեղծեց մի զույգ «խելացի ակնոցներ»:
Այս ակնոցները ցուցադրվել են CES էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Դրանք պատրաստված են հեղուկ ոսպնյակներից, որոնք ավտոմատ կերպով կենտրոնացնում են տեսողությունը այն ամենի վրա, ինչին նայում է ակնոց կրողը`անկախ նրանից, այդ առարկան գտնվում է մոտ, թե հեռու:
Ակնոցներն աշխատում են հետևյալ սկզբունքով`ակնոցների կորպուսում ներկառուցված հեռաչափը օգտագործում է ինֆրակարմիր լույսը`ակնոցների և առարկաների միջև եղած հեռավորությունը որոշելու համար: Այնուհետև էլեկտրոնիկան փոխում է ոսպնյակների կորությունը:
Ոսպնյակի կորությունը կարգավորում է ֆոկուսային հեռավորությունը: Նույնը տեղի է ունենում նաև աչքերի հետ: Սովորաբար, երբ Դուք երիտասարդ եք, Ձեր աչքերի ոսպնյակները ճկուն են, այդ պատճառով նրանք հեշտությամբ փոխում են իրենց կորությունը` թույլ տալով կենտրոնանալ հեռվում և մոտ գտնվող առարկաների վրա: (Երբ Դուք ծերանում եք, Ձեր աչքերի ոսպնյակները դառնում են ավելի կոշտ, այդ իսկ պատճառով, օրինակ` Դուք դժվարանում եք գիրք կարդալ):
Հեղուկ ոսպնյակների կորության փոփոխության հնարավորությունը թույլ է տալիս խելացի ակնոցներին կենտրոնանալ այն առարկաների վրա, որոնց նայում է կրողը: Մաստրանժելոն ասում է, որ ակնոցներին անհրաժեշտ է 14 միլիվայրկյան` ուշադրության կենտրոնը փոխելու համար:
Ներկայիս տարբերակը բավականին մեծ և ծանր է, սակայն Մաստրանժելոն և դոկտորանտ Նազմուլ Հասանն արդեն աշխատում են այս հավաքածուի առավել թեթև, նորաձև և ընդունակ տարբերակների վրա: Երկրորդ սերնդի խելացի ակնոցներն իրենց մեջ կներառեն աչքի վերահսկողություն և տեսախցիկ, որպեսզի ոսպնյակները կարողանան ավելի ճշգրիտ որոշել, թե ինչ է դիտում մարդը: Այս բոլոր լրացուցիչ ֆունկցիաներն ավելի շատ էներգիա կխլեն, այդ իսկ պատճառով նրանք նաև պետք է ստեղծեն ավելի հզոր մարտկոց, որը նույնպես բավանականաչափ փոքր կլինի, որպեսզի տեղավորվի նորաձև ակնոցների մեջ:
Մաստրանժելոն ասում է, որ խելացի ակնոցները հասանելի կլինեն 2-3 տարի հետո և կարժենան մոտավորապես 500-1000 դոլար: