Կալիֆորնիայի համալսարանի ինժեներները մշակել են խելացի ձեռնոց, որը կարող է ամերիկյան ժեստերի լեզուն (ASL) վերածել տեքստի: Սարքը ստացել է «The Language of Glove» անվանումը, իսկ արտադրանքն արժե ընդամենը 100 դոլար: Մասերի մեծ մասը կարելի է ձեռք բերել էլեկտրոնիկայի ցանկացած խանութում:
Բացի նրանից, որ այն կարող է ժեստերը վերածել տեքստի, սարքը հագեցած է վիրտուալ իրականության տարբեր հավելվածների ապահովմամբ: Նմանատիպ սարքի շնորհիվ հնարավոր է հեռավար կառավարել մանիպուլյատորներով մարդկային ձեռքերի տեսքով, ինչպես նաև իրականացնել բազմաթիվ այլ օգտակար գործողություններ: Նախկինում այլ հետազոտական խմբեր արդեն ներկայացրել են նմանատիպ նախագծեր: Սակայն այս ձեռնոցի ունիկալությունը կայանում է նրանում, որ այն բավականին մատչելի է և պատրաստված է ձգվող նյութերից: Այս մշակումը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի այլ մշակողներ ստեղծեն առավել տպավորիչ հնարավորություններով նոր սարքեր:
Ձեռնոցի յուրաքանչյուր մատին ամրացված են տվիչներ, որոնք փոփոխվում են, երբ դրանք ձգվում են: Դրանք միացված են հաշվողական մոդուլին, որտեղ էլ գտնվում են արագացումը չափող սարքը և Bluetooth-հաղորդիչը: Քանի որ ժեստերի լեզվի յուրաքանչյուր տառի համար մատների դիրքն ունիկալ է, համակարգիչը հաշվի է առնում տվիչների լարվածության փոփոխությունը յուրաքանչյուր համակցության դեպքում և հասկանում, թե որ տառն է ցուցադրում մարդը: Այնուհետև այդ տառը փոխանցվում է Bluetooth-ի միջոցով սմարթֆոնին կամ համակարգչին, որտեղ այն կարող է օգտագործվել տարբեր կերպ` տեքստի հավաքագրման կամ ամերիկյան ժեստերի լեզվից մեկ ուրիշ լեզու թարգմանություն կատարելու համար:
Ներկայումս մշակողներն աշխատում են ձեռնոցի հաջորդ տարբերակի վրա: Նրանք հավաստիացնում են, որ այն թույլ կտա զգալ վիրտուալ օբյեկտների հպումները VR-խաղերի ժամանակ կամ կառավարել ճնշման ներկառուցված տվիչներով ռոբոտացված մանիպուլյատորներ, որոնք հետադարձ ազդանշան են ուղարկում հպման մասին: Ապագայում, ձեռնոցը կարող է հագեցած լինել ձայնային սինթեզատորով, որպեսզի ժեստերի լեզուն հնչունավորվի ներկառուցված բարձրախոսի կամ սմարթֆոնի միջոցով: