Ինչպես խոստացել էի նախորդ հոդվածում այսօր կծանոթանանք WordPress-ի կառավարակետի հետ: Իմ կարծիքով համեմատած այլ CMS-ների հետ WordPress-ի կառավարակետն ամենապարզն է: Ցանկացած սկսնակ կարող է հեշտությամբ գլուխ հանել դրա կառավարակետի բոլոր մենյուների և ենթամենյուների հնարավորություններից: Այսօր հերթով կանցնենք մենյուների վրայով և հնարավորինս պարզ կփորձեմ բացատրել դրանց ֆունկցիոնալությունը և նշանակությունը: Իսկ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ միայն այն ուսումնասիրելով և փորձելով:
WordPress մուտք գործելուց հետո մեր առջև բացվում է կառավարակետի Գլխավոր էջը, որտեղ տեղադրված են վերջերս ավելացված հոդվածների և մեկնաբանությունների մասին կարճ ինֆորմացիա: Ամփոփում դաշտում գրված են Ձեր գրառումների, էջերի և մեկնաբանությունների ընդհանուր թիվը, իսկ սևագրի դաշտում կարող եք արագ անել տարբեր նշումներ, որոնք հետագայում կարող եք խմբագրել և փոփոխել:
Արդիացումներ ենթամենյուում նշվում է վերջին թարմացումները, խրվակների,տեսաձերի և թարգմանությունների արդի լինելը:
Գրառումներ մենյուն նախատեսված է նոր հոդվածներ, կարգեր և պիտակներ ստեղծելու, խմբագրելու և ջնջելու համար:
Նոր ավելացված հոդվածը կարող եք միացնել մի քանի կարգերի և պիտակների՝ եթե դրանք նախապես ունեք ստեղծված (դրանք կտեսնեք համապատասխան դաշտերում), իսկ եթե ոչ՝ ապա կարող եք հենց այստեղից ավելացնել նորը և միացնել դրան:
Եթե վերջացրել եք հոդվածի ստեղծումը և այլ ավելացումներ չունեք անելու, ապա սեղմեք Հրապարակել կոճակը և վերջ Ձեր առաջին հոդվածը պատրաստ է: Այն արտաքինից դիտելու համար սեղմեք Մշտական հղման վրա (այն կտեսնեք հոդվածի անվան տակ և միայն հոդվածը հրապարակելուց հետո):
Կարգեր ստեղծելը շատ ավելի հեշտ է, ուղղակի պետք է լրացնել անունը, նկարագրությունը(ոչ պարտադիր) և ըստ անհրաժեշտության նաև նշել վերադասը: Իսկ այլանունը կգեներացվի ավտոմատ, բայց ցանկության դեպքում կարող եք գրել նաև Ձեր ցանկացածը: Վերջում սեղմեք Ավելացնել նոր կարգ կոճակի վրա և Ձեր կարգը ստեղծված է:
Պիտակներ ստեղծելը նման է կարգեր ավելացնելուն, բացառությամբ նրա, որ այն չունի վերադաս:
Անցնենք հաջորդ մենյուին, որը Մեդիան է: Այն նախատեսված է մեդիա ֆայլեր վերբեռնելու համար, որոնք հետագայում կարեղ եք տեղադրել էջերի և գրառումների մեջ (իմ մոտ արդեն ունեմ վերբեռնված երկու նկար):
Էջերը շատ նման են գրառումներին, բացառությամբ, որ չեն կարող միանալ որևէ կարգի կամ պիտակի: Այն անհրաժեշտության դեպքում կարող է միայն ունենալ վերադաս: Իսկ արտաքին տեսքում չունի մեկնաբանությունների դաշտ (ի տարբերություն գրառումների):
Մեկնաբանություններ մենյուն նախատեսված է ցույց տալու համար Ձեր գրառումների տակ արված բոլոր մեկնաբանությունները: Այստեղից դուք չեք կարող ավելացնել նոր մեկնաբանություն, քանի որ այն ավելացվում է միայն կայքի արտաքին տեսքից: Բայց կարող եք պատասխանել մեկնաբանությանը և այն հաջողությամբ կավելանա գլխավոր մեկնաբանության տակ:
Դե ինչ այսօրվա համար այսքանը, իսկ շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:
Իսկ հարցերի դեպքում կարող եք գրել մեկնաբանություններում կամ մեր քննարկումների բաժնում:
Շնորհակալություն մեր բլոգից օգտվելու համար։