Նանոբոտերը խոստանում են մեծ առաջընթաց բժշկության մեջ` թույլ տալով բժիշկներին հիվանդներին բուժել առանց ինվազիվ վիրաբուժության կամ անարդյունավետ դեղամիջոցների անհրաժեշտության: Սակայն նրանք բախվում են մի շարք առանցքային խնդիրների` շատ դժվար է ուղղել դրանց այնտեղ, որտեղ անհրաժեշտ է և դրանցից ազատվելը նույնպես շատ դժվար է: Այդ պատճառով հետազոտողները գտել են նոր լուծում. դրանք պատրաստել բնական նյութերից, որոնք հաստատ կտարրալուծվեն:
Նրանք ստեղծել են նանոբոտեր, օգտագործելով ջրիմուռների տեսակ, որը հայտնի է սպիրուլինա անվանմամբ, և որը կարելի է գտնել առողջ սննդի խանութներում: Դրանց բնական բաղադրությունը ոչ միայն թույլ է տալիս լավ տարրալուծվել, այլև դրանք կարելի է հեշտությամբ վերահսկել:
Նանոբոտերն ունեն երկաթի մագնիսական օքսիդ, որը թույլ է տալիս բժիշկներին վերահսկել, որքան արագ դրանք կարող են քայքայվել և կառավարել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով: Եվ քանի որ դրանք ունեն բնական ֆլուորեսցենցիա, կարելի է հեշտությամբ տեսնել, թե որտեղ են դրանք գտնվում:
Նանոբոտերը նաև ճկուն են: Դրանք կարելի է օգտագործել ինչպես մարմնի տարբեր մասեր դեղամիջոցներ մատակարարելու, այնպես էլ առաջացող հիվանդության պատճառով տեղի ունեցող փոփոխությունների հայտնաբերման համար: Նոր համակարգի շնորհիվ` ախտորոշումներն ավելի ճշգրիտ կլինեն:
Այնուամենայնիվ, գիտնականները պետք է բարելավեն նանոբոտերի արդյունավետությունը, ստուգեն մարդու օրգանիզմի հետ համատեղելիությունը, նախքան մարդկանց վրա փորձարկումներ սկսելը: Այնուհանդերձ, դրանց գոյությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ նանոբոտերն իսկապես գործնական մեծ նշանակություն կունենան հիվանդությունների ախտորոշման համար: