Պատկերացրեք աշխարհ, որտեղ Դուք կարող եք խմել որևէ ըմպելիք և միանգամից փոխանցել նրա համը Ձեր ընկերներին: Այս ամենը կարող է դառնալ իրականություն ավելի շուտ, քան Դուք պատկերացնում եք:
Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես որոշել լիմոնադի համը և գույնը և ուղարկել այն հատուկ պատրաստված բաժակի միջոցով, որը լցված է սովորական ջրով:
Բաժակն օգտագործում է լուսադիոդային լույս, որպեսզի կրկնօրինակի լիմոնադի գույնը, իսկ մետաղական շերտերը, որոնք ներկառուցված են բաժակի վերին մասում, փոխանցում են համը Ձեր լեզվին:
«Մենք ընտրել ենք լիմոնադը, որովհետև կարող ենք մոդելավորել թթվայնությունը`օգտագործելով էլեկտրական հոսանքը», – ասել է նախագծի անդամ և Սինգապուրի ազգային համալսարանի գիտական աշխատակից Նիմենշա Ռանասինգը: Նա հավելել է, որ հնարավոր է մոդելավորել նաև քաղցր, աղի և դառը համերը:
Տեխնոլոգիան աշխատում է հետևյալ սկզբունքով` ներկառուցված рН տվիչով և գույնի տվիչով սենսորային ձողիկն ընկղմվում է ըմպելիքի մեջ, այնուհետև տվյալները փոխանցվում են վերոնշյալ բաժակին: Պետք է լեզվով դիպչել մետաղական շերտերին, որոնք կփոխանցեն ըմպելիքի համը:
Թիմն աշխատում է նաև բույրեր փոխանցելու վրա` այս նախագիծն ավելի իրատեսական դարձնելու համար: