Epicenter ընկերության աշխատակիցները կամավոր կերպով համաձայնվել են կրել միկրոչիպեր իրենց մարմիններում: Այն պարտադիր պայման չէ, սակայն ավելի քան 150 մարդ արդեն իր մաշկի տակ կրում է այդ սարքը, որը բրնձի հատիկի չափ ունի:
Epicenter ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Պատրիկ Մեստերսոնի խոսքերով` այս չիպերի օգնությամբ աշխատակիցները կկարողանան բացել դռները, օգտվել պատճենահանող սարքերից, վճարել ուտելիքի համար, գնել սնունդ և խմիչք և իրականացնել բազմաթիվ այլ գործողություններ: Այլևս բանալիների և բանկային քարտերի անհրաժեշտություն չկա: Ընկերության աշխատակիցների մեկն ասել է, որ դիմել է այդ քայլին, քանի որ ցանկացել է դառնալ ապագայի մաս:
Սարքը տեղադրվում է բթամատի և ցուցամատի մեջտեղում հատուկ ներարկիչի միջոցով: Շվեդական ընկերության ղեկավարն առաջիններից էր, ով իր մարմնում տեղադրել է չիպ`միացնելով այն բոլոր առկա ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներին:
Epicenter ընկերության վարչակազմը չի թաքցնում, որ պլանավորում է, որպեսզի միկրոչիպեր կրեն ընկերության բոլոր աշխատակիցները: «Մենք հուսով ենք, որ շուտով չիպերը կփոխարինեն սմարթֆոններին կամ կդառնան հիանալի համալրում: Չիպերը կարող են պահել մեծ քանակությամբ ինֆորմացիա`կոնտակտներ, գաղտնաբառեր, վարկային քարտերի համարներ»,- հայտարարել են ընկերության ղեկավարները: