Matternet լոգիստիկ ընկերությունը շուտով կմեկնարկի լաբորատոր նմուշների, արյան անալիզների և դեղորայքի առաքման առաջին ավտոնոմ անօդաչու ցանցը շվեյցարական հիվանդանոցների և լաբորատորիաների միջև: Առաքման առաջին ցանցը կսկսի գործել հաջորդ ամսից սկսած: Ընկերությունն ասում է, որ բժշկական իրերը հնարավոր կլինի առաքել անհրաժեշտ վայր 30 րոպեի ընթացքում:
Կալիֆորնիական ընկերությունը Շվեյցարիայի խիտ բնակեցված վայրերում իր անօդաչու սարքերի շահագործման համար թույլտվություն է ստացել մարտին: Սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է Matternet Station կայանը 2 մ2 տարածքով, որը կարելի է տեղադրել տանիքում կամ գետնին բեռների ուղարկման և ընդունման համար: Երբ թռչող մեքենան վայրէջք է կատարում, կայանն ամրացնում է այն, լիցքավորում և բեռնաթափում պարունակությունը: Բեռը ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել QR կոդ: Բացի այդ նմանատիպ կայաններն ունեն անօդաչու սարքերի երթուղիները կարգավորող մեխանիզմներ:
Անօդաչու սարքերը դեռևս կարող են տեղափոխել մինչև 2 կգ կշռող բեռ: Առավելագույն հեռավորությունը, որը կարող է հաղթահարել թռչող սարքը կազմում է 20 կմ: Սարքի արագությունը հասնում է մինչև ժամում 70 կմ: Յուրաքանչյուր կայանի համար նախատեսված է մեկ կամ երկու անօդաչու սարք:
Ապագայում Matternet ընկերության կայաններ կհայտնվեն մթերային խանութներում և բենզալցակայաններում:
Շվեյցարիայում ցանցի կարգավորումից հետ, Matternet-ը ծրագրում է զարգացնել բիզնեսը Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում: