Չինաստանում ռոբոտը մասնակցել է մաթեմատիկայի քննություններին: Ռոբոտն առաջադրանքներն ավարտել է սովորական ուսանողներից ավելի արագ, սակայն քիչ միավորներ է հավաքել:
AI-MATHS անվանումը ստացած ռոբոտը երկու ժամ տևողությամբ քննության առաջին տարբերակն ավարտել է 22 րոպեում` հավաքելով 105 միավոր (150 միավորից): Երկրորդ տարբերակն ավարտել է 10 րոպեում` հավաքելով 100 միավոր: Ռոբոտի աշխատանքը ստուգել է երեք մարդ` գրանցելով ծրագրի պատասխանները:
Ռոբոտն ավարտել է առաջադրանքները սովորական մարդկանցից շուտ, սակայն թույլ է տվել սխալներ և արդյունքով զիջել է մարդկանց: Սակայն ռոբոտի ստեղծողները չեն հուսահատվում, ընդհակառակը, նրանք հպարտ են, որ AI-MATHS-ը կարողացել է բարելավել արդյունքները, քանի որ 2017 թվականի փետրվարին այն հավաքել էր ընդամենը 93 միավոր նմանատիպ քննության ժամանակ:
«AI-MATHS-ը չի կարողացել հասկանալ «ուսանողներ» և «ուսուցիչներ» բառերը, ինչի պատճառով չի կարողացել պատասխանել մի քանի առանցքային հարցերի», ասել է Լին Հուեյը` Chengdu Zhunxingyunxue Technology ընկերության գլխավոր տնօրենը:
AI-MATHS-ը մշակվել է Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարության նախագծի շրջանակներում, որի նպատակն է ստեղծել ռոբոտ, որը կկարողանա հաղթահարել ընդունելության քննությունները տեղական լավագույն համալսարաններ ընդունվելու համար: