Չինաստանում առաջին անգամ իրականացվել է նմանատիպ վիրահատություն: Ռոբոտն առանց մարդկային միջամտության կարողացել է հիվանդին նոր ատամներ տեղադրել: Ապագայում նմանատիպ ռոբոտները կօգնեն լրացնել որակավորված բժիշկների պակասը:
Վիրահատության ընթացքում ներկա են գտնվել բժիշկներ, որոնք հանդես են եկել որպես դիտորդներ: Նրանցից և ոչ մեկը չի միջամտել գործընթացին և չի օգնել ռոբոտին: Առաջին ամբողջությամբ ռոբոտացված իմպլանտի տեղադրումը տևել է մեկ ժամ և տեղի է ունեցել Սիան քաղաքում: Փորձագետների խոսքերով` իմպլանտները տեղադրվել են 0,2-0,3 մմ անճշտությամբ, ինչը նորմալ է նմանատիպ վիրահատության համար, այդ պատճառով վիրահատությունը կարելի է համարել հաջողված:
Մշակողներն ասում են, որ ստեղծել են տեխնոլոգիան մարդկային սխալներից խուսափելու և հիվանդանոցներում որակյալ անձնակազմի պակասը լրացնելու համար: Ռոբոտը և դրա համար նախատեսված ծրագրային ապահովումը մշակվել են վերջին չորս տարիների ընթացքում տեղական համալսարանների և հիվանդանոցների համատեղ ջանքերով: Այն համատեղում է չինացի ատամնաբույժների ողջ փորձը և ռոբոտաշինության վերջին տեխնոլոգիաները:
Ռոբոտը վիրահատությունն իրականացրել է ինքնուրույն: Իմպլանտացիայի համար նախատեսված ատամները տպագրվել են 3D տպիչի միջոցով: Վերջին տվյալների համաձայն` Չինաստանում մոտավորապես 400 միլիոն մարդ նոր ատամների կարիք ունի: Եվ պահանջարկն այստեղ շատ ավելի մեծ է, քան առաջարկները: Ընդ որում շատ հաճախ իրականացվում են ոչ որակյալ վիրահատություններ, և հիվանդները ստիպված են կրկին բժշկի դիմել:
Ինժեներներն ու բժիշկներն ասում են, որ ռոբոտը կարող է կատարել աշխատանքը նույնիսկ ավելի որակյալ, քան պրոֆեսիոնալ ատամնաբույժները: