Նվազագույն ինվազիվ վիրահատությունները բավականին գրավիչ են, քանի որ դրանք սովորաբար նշանակում են ավելի փոքր սպի, վերականգնման ավելի կարճ ժամանակահատված և վարակման ավելի քիչ հավանականություն: Սակայն այս վիրահատություններն ունեն նաև թերություններ: Բավականին բարդ է ստանալ ներքին օրգանների որակյալ պատկերներ, և այդ պատճառով վիրաբույժները հաճախ սահմանափակվում են արտաքին ուլտրաձայնային զոնդերի օգտագործումով և վիրահատությունից առաջ կատարված նկարների սկանավորումով: Սակայն Light: Science & Applications ամսագրում հրապարակված նոր հետազոտությունն իրենից ներկայացնում է պոտենցիալ նոր տարբերակ` օպտիկական ուլտրաձայնային ասեղ:
Ասեղն ունի երկու օպտիկական մանրաթել: Դրանցից մեկն առաջացնում է ուլտրաձայնային իմպուլսներ, ապահովելով լույսի կարճ բռնկումներ, իսկ մյուսը հայտնաբերում է լույսը, որն արտացոլվում է մարմնի հյուսվածքներից: «Ողջ գործընթացը չափազանց արագ է տեղի ունենում` տրամադրելով փափուկ հյուսվածքների բարձրորակ լուսանկարներ իրական ժամանակում»,-ասել է հետազոտության հեղինակ Ռիչարդ Կոլչեստերը: «Օգտագործելով ոչ թանկարժեք օպտիկական մանրաթելեր` մեզ հաջողվել է ստանալ բարձրորակ պատկերներ 1 մմ հաստություն ունեցող ասեղի ծայրապանակների օգտագործման շնորհիվ»,- ասել է համահեղինակ Ադրիեն Դեժարդինսը:
Հետազոտողներն ուլտրաձայնային ասեղը փորձարկել են դեռևս միայն խոզերի սրտի վիրահատության ժամանակ, սակայն նրանք հույս ունեն փորձարկել այն այլ կլինիկական կիրառություններում, որոնք նույնպես օգտագործում են նվազագույն ինվազիվ մեթոդներ: Նրանք նաև աշխատում են այս տեխնոլոգիան մարդկանց վրա փորձարկելու վրա: