Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտողները ներկայացրել են նյութ, որն ընդունակ է վերածվել հայելու կամ պատուհանի` կոճակի մեկ սեղմմամբ: Եվ այս ամենի համար պահանջվում է ընդամենը անչափ փոքր նանոմասնիկների շերտ և էլեկտրական հոսանք:
«Այլ կերպ ասած, մենք մշակել ենք համակարգ, որի միջոցով թափանցիկ նյութը հնարավոր է վերածել հայելու և հակառակը` կիրառելով էլեկտրական լարում»,-ասել է պրոֆեսոր Էնթոնի Կուցերնակը: «Այս լարումը նանոմասնիկներին ուղղում է դեպի մակերևույթ, որտեղ նրանք կուտակվում և ձևավորում են հայելի: Երբ մենք հոսանքափոխում ենք համակարգը մեկ այլ լարման, մասնիկները հեռանում են մակերևույթից, և հայելին անհետանում է»:
Այս տեխնոլոգիայի համար Կայսերական քոլեջի հետազոտողները ստեղծել են հավասարապես տեղակայված նանոմասնիկների շերտ` մի քանի հազար անգամ ավելի փոքր, քան մարդու մեկ մազի լայնությունն է:
Այս շերտը ձևավորվում է այն ժամանակ, երբ նանոմասնիկները տեղադրվում են երկու իրար չխառնվող հեղուկների միջև: Այնուհետև այդ նանոմասնիկները ձևափոխվում են փոքր լարման օգնությամբ: Երբ մասնիկները տեղակայված են միմյանց մոտ, դրանք հանդես են գալիս որպես հայելի, իսկ երբ մասնիկները հեռանում են միմյանցից, ապա ապահովում են պատուհանի թափանցիկությունը:
Լոնդոնի Կայսերական քոլեջը միակ վայրը չէ, որտեղ իրականացվել են այս համակարգի հետազոտություններ: Սակայն հետազոտողների աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ներկայացնում է շրջադարձային գործընթաց, որը կարող է հայելային մակերևույթից անցում կատարել թափանցիկ մակերևույթի այնքան, որքան անհրաժեշտ է:
«Մենք դիտարկում ենք առևտրայնացման հնարավորությունները: Մեր հետագա աշխատանքը ներառում է արձագանքման արագության ավելացման միջոցների մշակում»,- հավելել է Էնթոնի Կուցերնակը:
Հետազոտությունը նկարագրող հոդվածը հրապարակվել է Nature Materials ամսագրում: