Ինչպես հայտնի է վագրակատուն աշխարհի ամենաարագ կենդանիներից մեկն է: Եվ ռոբոտների ստեղծողները չէին կարող անտարբեր անցնել այս կենդանու կողքով: Ռոբոտացված վագրակատու ստեղծելու փորձեր արդեն եղել են, սակայն վերջերս ներկայացվել է ևս մեկ նոր մշակում այս ոլորտում: Ընդ որում, նոր ռոբոտ-վագրակատուն ոչ միայն նմանակում է կենդանու շարժումները, այլ նաև չափազանց էներգոարդյունավետ է:
Ռոբոտը ստեղծվել է Նիդերլանդների Տվենտե համալսարանի գիտնական Գիրտ Ֆոլկերտսմայի կողմից: Ռոբոտն արտաքնապես այդքան էլ նման չէ վագրակատվի, սակայն այն օգտագործում է կենդանու շարժական մեխանիկան արդյունավետության բարձրացման համար:
Ռոբոտն ունի 30 սանտիմետր երկարություն, կշռում է 2,5 կիլոգրամ, ինչը կենդանու քաշից 20 անգամ ավելի քիչ է: Կառույցի հիմնական տարրը ողնաշարն է, որը կատարում է վազքի ժամանակ էներգիայի կուտակման և օգտագործման զսպանակի դեր:
«Ես նկատել եմ, որ MIT-ի կողմից ստեղծված BostonDynamics-ը նմանակել է կենդանու ձևը, սակայն մենք չենք փորձել նմանակել կենդանու տեսքը, այլ այն, թե ինչպես է նա վազում` արագություն, էներգոարդյունավետություն»,- ասել է ռոբոտի հեղինակ Գիրտ Ֆոլկերտսման:
Նախատիպի ստեղծման համար Ֆոլկերտսման ուսումնասիրել է մեծ քանակությամբ տեսանյութեր և օգտագործել է ծրագրային ապահովում, որպեսզի պարզի վագրակատվի շարժումների նրբությունները:
«Մեր նպատակը կայանում էր նրանում, որպեսզի ուսումնասիրեինք վագրակատվի տեղաշարժման դինամիկան, հասկանայինք, թե ինչպես է կենդանին վազում այդքան արագ, այնուհետև կարողանայինք փոխանցել այդ դինամիկ սկզբունքները ռոբոտին»:
Ռոբոտի հեղինակն ընդգծում է, որ վագրակատվի արդյունավետության մեծ մասը կախված է նրա ողնաշարի ճկունությունից և նրան հաջողվել է պարզել դրա հատկությունները: «Մեզ հաջողվել է ստեղծել համանման զսպանակավոր ողնաշար: Հենց այս տարրն է տարբերակում մեր ռոբոտը չորս վերջույթներ ունեցող մնացած ռոբոտներից: Վագրակատուն օգտագործում է իր մկանների էներգիան ամենաբարձր արդյունավետությամբ: Մեզ հաջողվել է ստեղծել ռոբոտ, որն աշխատում է նույն ձևով: Եվ այժմ մեր կողմից օգտագործված բոլոր սկզբունքները կարելի է կիրառել մեծ ռոբոտների ստեղծման համար, որոնք կլինեն նույնքան արագ և արդյունավետ»: