Պատկերացրեք նյութ, որը բավականին դիմացկուն է և կարող է օգտագործվել 10 անգամ ավելի բարձր շենքեր կառուցելու համար, քան աշխարհի ներկայիս ամենաբարձր շենքն է: Գերմանիայի Կոստանց համալսարանի հետազոտողները մշակել են ցեմենտի նոր տեսակ, որն օժտված է այնպիսի հատկություններով, որ կարող է դիմակայել ճեղքերին: Այն կարելի է օգտագործել ոչ միայն անհավանական բարձր շենքերի կառուցման, այլ նաև ավելի սեյսմոկայուն շինությունների, ինչպես նաև ավելի նուրբ շինարարական մշակումների համար, որոնք, այնուամենայնիվ, կպահպանեն դիմացկունության անհավանական բարձր մակարդակ:
«Մենք փոխել ենք ցեմենտի նանոկառուցվածքը, և այն դարձրել ենք ավելի կարգավորված`որպես օրինակ վերցնելով ծովային ոզնիների կառուցվածքը»,-ասել է պրոֆեսոր Հելմուտ Կելֆենը: «Մեր աշխատանքի հիմնական նորությունն այն է, որ զգալիորեն բարելավվել է կալցիումի հիդրոսիլիկատի բյուրեղների ոչնչացման դիմադրությունը: Սա պայմանավորված է առաջին կարգավորված CSH նանոհամակարգով: CSH-ի խնդիրն այն է, որ չնայած սեղմման նկատմամբ բարձր դիմացկունությանը, այն ունի էլաստիկության պակաս և թեքման նկատմամբ ցածր դիմացկունություն: Մեզ հաջողվել է լուծել այս խնդիրը մեր առաձգական նյութի օգնությամբ»:
Ծովային ոզնու փշերը հիմնականում պատրաստված են բարակ բյուրեղային նյութից, որը կոչվում է կալցիտ: Դրանց կառուցվածքը հիշեցնում է առանձին աղյուսներից պատրաստված կարգավորված պատի: Սինթեզելով ցեմենտ, որը հիշեցնում է այս կառուցվածքը նանոմակարդակում, հետազոտողներին հաջողվել է մշակել նյութ, որը կարող է դիմադրել սովորական ցեմենտի օգտագործման դեպքում ձևավորվող ճեղքվածքների առաջացմանը:
«Սակայն մեր հետազոտությունը դեռևս կիրառություն չի ստացել, քանի որ պոլիմերային լուծույթը չափազանց թանկարժեք կլինի` մասշտաբային օգտագործման համար: Լուծում կարող են լինել ցեմենտի հավելումները, որոնք նյութին ամրություն կհաղորդեն»:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ցեմենտը կարելի է օգտագործել 40-100 անգամ ավելի դիմացկուն բետոնի ստեղծման համար, քան գոյություն ունեցող խառնուրդներն են:
Այս աշխատանքը նկարագրող հոդվածը հրապարակվել է Materials Science ամսագրում: