Այսօր փափուկ ռոբոտեխնիկան իրենից ներկայացնում է ռոբոտեխնիկայի ամենահեռանկարային ոլորտներից մեկը:
Հարվարդի համալսարանի և Բոստոնի մանկական հիվանդանոցի հետազոտողները մշակել են փափուկ սիլիկոնե կցորդիչ, որը խթանում է սրտային անբավարարություն ունեցող հիվանդների սիրտը:
Սարքը պատրաստված է սիլիկոնի շերտից` սրտի շուրջ տեղադրված փափուկ օդաճնշական հաղորդակներով: Սարքը միացված է արտաքին պոմպին, որը ղեկավարվում է հատուկ ռոբոտացված համակարգի միջոցով և օգտագործում է օդը հաղորդակներին սնուցելու համար:
«Այն նախատեսված է սրտի անբավարարություն ունեցող հիվանդների համար և հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ այն չի փոխազդում արյան հետ, ինչն օգնում է նվազեցնել հետագա բարդությունները, ինչպես նաև արյունը նոսրացնող հատուկ դեղամիջոցների օգտագործման անհրաժեշտություն չկա», – ասել է հետազոտող դոկտոր Էլեն Ռոշեն:
Մինչ օրս, այն փորձարկվել է արհեստական սրտի, ինչպես նաև խոզերի վրա և արդեն ցուցադրվել է, որ այն աշխատում է արդյունավետ և վերականգնում է արյան հոսքը: Սակայն սարքը դեռ պատրաստ չէ մարդկանց վրա իրականացվող փորձարկումների համար:
«Ներկայումս այն գտնվում է փորձարկումների նախնական փուլում և անհրաժեշտ է իրականացնել ավելի շատ փորձարկումներ մինչ մարդկանց վրա կիրառելը, դա կպահանջի առնվազն մի քանի տարի»,-ասել է դոկտոր Ռոշեն:
Ժամանակակից գիտությունը այսօր ակտիվորեն փնտրում է փափուկ ռոբոտների կիրառման նոր ոլորտներ: Ենթադրվում է, որ հենց փափուկ կամ ճկուն ռոբոտներն են դառնալու մեր իրականության մասն առաջիկա 3-5 տարիների ընթացքում` դրանք բացարձակապես անվտանգ են և չեն կարող վնասել մարդկանց: