Ողջույն հարգելի ընթերցողներ։ Այսօր ուզում եմ ընդհանուր կերպով Ձեզ ներկայացնել օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման (OOP) գաղափարը և հիմնական հասկացությունները։ Հետագայում ավելի մանրամասն կդիտարկենք ՕԿԾ-ի հիմնական հասկացությունները առանձին հոդվածներով։
Գոյություն ունեն կոդերի երկու գրելաձևեր՝ պրոցեդուրային և օբյեկտ կողմնորոշված։ Պրոցեդուրային եղանակի դեպքում կոդը դառնում է ավելի ծավալուն և դժվար հասկանալի։ Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման դեպքում նման խնդիրներ չեն առաջանում։ Սա հանդիսանում է ՕԿԾ-ի առավելություններից մեկը` պրոցեդուրային եղանակով ծրագրավորման նկատմամբ։
Յուրաքանչյուր ոք, ով սկսում է օգտագործել ՕԿԾ, առաջինը պետք է սկսի օգտագործել օբյեկտային մտածելակերպ։ ՕԿԾ-ի ամենամեծ խնդիրը հանդիսանում է օբյեկտային մտածելակերպ սովորելը։ Առանց օբյեկտային մտածելակերպի հնարավոր չէ օգտագործել ՕԿԾ-ի ամբողջ ուժը և հզորությունը։
ՕԿԾ-ն հիմնված է կլասի (class) և օբյեկտի (object) հասկացությունների վրա։
Կլասը սահմանում է այն կառուցվածքն ու պահվածքը (տվյալներ և կոդ), որն օգտագործվելու է օբյեկտների կողմից։ Տրված կլասի յուրաքանչյուր օբյեկտ պարունակում է այդ կլասի կողմից սահմանված կառուցվածքը և պահվածքը։ Հենց այս պատճառով էլ, երբեմն, օբյեկտներին անվանում են կլասների նմուշներ։ Այսպիսով, կլասը հանդիսանում է տրամաբանական կառուցվածքը, իսկ օբյեկտը՝ նրա ֆիզիկական մարմնավորումը։
ՕԿԾ-ի երեք հիմնական հասկացություններն են՝ ինկապսուլացիա, ժառանգականություն և պոլիմորֆիզմ։ Երբեմն ՕԿԾ-ի հիմնական հասկացություններին են դասում նաև աբստրակցիան։ Այն պաշտոնապես չի համարվում ՕԿԾ-ի հիմնական գաղափարներից մեկը, սակայն ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող գաղափար է։
Աբստրակցիա
Աբստրակցիան մի միջոց է, որով առանձնացվում են օբյեկտի կարևոր բնութագրերը, դիտարկումից դուրս թողնելով ոչ կարևորները։ Հետևաբար, աբստրակցիան հանդիսանում է բոլոր այդպիսի բնութագրերի համախումբ։
Ինկապսուլացիա
Ինկապսուլացիան իրենից ներկայացնում է մեխանիզմ, որը կապում է կոդը տվյալների հետ (որոնք այն օգտագործում է)՝ պաշտպանելով այդ երկուսը արտաքին ներգործությունից։ Ինկապսուլացիան կարելի է համարել պաշտպանիչ շերտ, որը պաշտպանում է կոդը և տվյալները այլ արտաքին կոդի կողմից շահագործումից։
Ժառանգականություն
Այն գործընթացը, որի ընթացքում մի օբյեկտը ստանում է մեկ այլ օբյեկտի հատկությունները, կոչվում է ժառանգականություն։ Ժառանգականության դեպքում մի օբյեկտը մասնակի կամ ամբողջությամբ ժառանգում է մեկ այլ օբյեկտի հատկությունները, և կարող է ունենալ իրեն բնորոշ հատկությունները։
Պոլիմորֆիզմ
Պոլիմորֆիզմը հնարավորություն է տալիս օգտագործել նույն ինտերֆեյսը ընդհանուր դասի գործողությունների համար։ Յուրաքանչյուր գործողություն կախված է կոնկրետ իրադրությունից։
Այսքանն էին ՕԿԾ-ի հիմնական գաղափարները և հասկացությունները։ Հիշեցնեմ, որ դեռ կանդրադառնանք այդ գաղափարներին հետագա հոդվածներում։
Որևէ հարցի դեպքում կարող եք դիմել մեզ մեկնաբանությունների կամ քննարկումների բաժիններում։
Շնորհակալություն մեր բլոգից օգտվելու համար։