Clouds Architecture նյույորքյան ճարտարապետական ընկերությունը Դուբայում կկառուցի ֆուտուրիստական երկնաքեր` «կախված» երկնաքարից, որը կպտտվի մոլորակի շուրջ Երկրի մակերևույթից 50 000 կմ հեռավորության վրա: Այսպիսով, ենթադրվում է, որ Analemma tower անվանումը ստացած ֆուտուրիստական աշտարակը տեսականորեն կախված է լինելու օդում: Կառույցը նախատեսվում է պարանների միջոցով կախել գեոսինխրոն ուղեծրի վրա տեղակայված երկնաքարից:
Արբանյակն ուղեծիրն ամեն օր կանցնի հյուսիսային և հարավային կիսագնդերով 24-ժամյա ցիկլով և նման կլինի «ութ»-ի:
Clouds Architecture ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ աշխատանքի մեկնարկի համար լավագույն վայրը Դուբայն է` որպես բարձրահարկ շինությունների շինարարության կենտրոն: Նախատեսվում է, որ Analemma tower շինությունը կլինի ամենաբարձրն աշխարհում:
«Երկրային ուղեծիրի վրա մեծ երկնաքարի տեղադրումից հետո գերամուր պարան կիջեցվի դեպի երկրի մակերևույթ, որից էլ կարելի է կախել գերբարձր աշտարակը»,-ասել են ընկերության ներկայացուցիչները: «Քանի որ աշտարակի այս նոր տեսակը կախված է լինելու օդում, այն կարող է կառուցվել աշխարհի ցանկացած կետում և այնուհետև տեղափոխվել նախատեսված վայր»:
Իհարկե այս ամբողջ դիզայնը մտածական է, և չկա ոչ մի երաշխիք, որ գաղափարն իրականություն կդառնա: Շատ լուրջ խոչընդոտներ կան հաղթահարելու մինչ աշտարակի շինարարությունը:
«Աշխարհի ամենաբարձր աշտարակի» առաջարկվող դիզայնը ներառում է բիզնես-սեկտոր, հանգստի, աղոթքի համար նախատեսված գոտիներ, այգեգործական և գյուղատնտեսական կենտրոններ, տրանսպորտի համար նախատեսված կառույցներ, որոնք թույլ են տալիս տեղափոխել մարդկանց և բեռներ երկրի մակերևույթի և ուղեծրային կառուցվածքի միջև, ինչպես նաև խանութներ, ռեստորաններ և ժամանցի վայրեր:
Շենքը էներգիայիով սնուցելու համար մասնագետներն առաջարկում են տեղադրել արևային պանելներ:
Չնայած երկնաքարին ամրացված երկնաքերը կարող է թվալ գիտաֆանտաստիկ ֆիլմի էլեմենտ, Clouds Architecture-ը նշում է, որ գաղափարը ավելի քան իրատեսական է: