Apple ընկերությունը փնտրում է ծրագրավորողների հոգեբանական հիմնարար գիտելիքներով` Siri ձայնային օգնականի աշխատանքը բարելավելու համար: Ընկերությունը դիմել է այդ քայլին այն բանից հետո, երբ հայտնաբերել է, որ մարդիկ շատ հաճախ խոսում են իրենց անձնական խնդիրների մասին օգնականի հետ:
Հենց այդ պատճառով Apple ընկերությունը աշխատանքի է հրավիրում հոգեբանի, ով կհամալրի Siri-ի թիմը: Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են միանալ Siri-ի թիմին և “մեծ դեր խաղալ մարդ-համակարգիչ փոխազդեցության հաջորդ հեղափոխության գործում»:
Աշխատանքը պահանջում է գիտելիքներ ոչ միայն համակարգչային գիտության և ծրագրավորման ոլորտում, այլ նաև պարտավորեցնում է, որպեսզի թեկնածուներն աշխատանքային փորձ ունենան հոգեբանական խորհրդատվության ոլորտում:
Siri-ն լսում է մարդկային ձայներ արդեն 7 տարի շարունակ: Ինչպես նշվում է աշխատանքի նկարագրության մեջ, Apple-ը նկատել է, որ մարդիկ անկեղծությամբ խոսում են մեքենայի հետ իրենց առօրյա խնդիրների մասին:
«Մարդիկ Siri-ի հետ զրուցում են ամեն ինչի մասին, պատմում են իրենց սթրեսային իրավիճակներով լի օրվա կամ առավել լուրջ խնդիրների մասին: Նրանք դիմում են Siri-ին արտակարգ իրավիճակներում, և նույնիսկ այն ժամանակ, երբ ցանկանում են խորհուրդներ ստանալ այն մասին, թե ինչպես կարելի է վարել ավելի առողջ ապրելակերպ» ,- ասում են ընկերության աշխատակիցները:
Ճանաչելով այս իրականությունը` Apple-ը ցանկանում է բարելավել Siri-ի արձագանքը մարդկանց անհանգստացնող խնդիրներին: Siri-ն չափազանց լավ է արձագանքում այն հարցերին և հրամաններին, որոնք կապված են նոր ֆիլմերի կամ տան երթուղու հետ, սակայն ծրագիրը թերի է հագեցած` օգտատերերի առավել զգացմունքային խնդրանքներին արձագանքելու համար:
Ընդհանուր առմամբ, Microsoft, Apple, Google և Samsung ընկերությունների ձայնային օգնականներից ոչ մեկը չի կարող համարժեք արձագանք ցուցաբերել ճգնաժամային իրավիճակներում: Երբ օգտատերը հայտնում է, որ մտադիր է ինքասպանություն գործել կամ բողոքում է առողջական վիճակից, ձայնային օգնականները միշտ չէ, որ համապատասխան խորհուրդներ են առաջարկում: