Ողջույններս, հարգելի՛ ընթերցող։ Ելնելով այն հանգամանքից, որ տեքստային խմբագրիչը շատ մեծ դեր է խաղում կոդ գրելու գործում, ես որոշեցի կիսվել Ձեզ հետ այդ հարցում իմ նախասիրություններով։ Տեքստային խմբագրիչ ընտրելը կարևոր դեր կարող է խաղալ Ձեր գործը հեշտացնելու հարցում, քանի որ շատ խմբագրիչներ բավականին հարուստ են ֆունկցիոնալ առումով և կարող են թե՛ խնայել ձեր ժամանակը, և թե՛ զերծ պահել Ձեզ կոդային ուղղագրական(syntax) սխալներ թույլ տալուց։
Միանշանակ ասել, թե ինչ-որ մի տեքստային խմբագրիչ շատ առավել է մյուսներից ճիշտ չի լինի, քանի որ դա հիմնականում կախված է կոնկրետ խնդրից և կոնկրետ լեզվից։ Օրինակ CSS կոդ գրելու համար կարող է շատ օգտակար լինել մի խմբագրիչ, իսկ PHP կոդի համար՝ բոլորովին այլ խմբագրիչ։ Իմ այս գրառման մեջ ես կփորձեմ հնարավորինս մանրամասն ծանոթացնել Ձեզ Brackets խմբագրիչի հետ։ Այն բավականին հարմար և օգտակար գործիք է HTML, CSS և JavaScript կոդեր գրելու համար։ Ունի գեղեցիկ և հարմար ինտերֆեյս, և որ ամենակարևորն է այն տալիս է, հնարավորություն շատ ու շատ անգամ ընդլայնելու իր հնարավորությունները՝ ծրագրային հավելվածների միջոցով։ Որպես ոչ պակաս առավելություն նաև կարող ենք նշել, որ այն հնարավոր է ձեռք բերել անվճար։ Այս խմբագրիչը մեր համակարգչի մեջ տեղադրելու համար այցելում ենք Brackets – ի պաշտոնական կայք,
ներբեռնում այնտեղից, հետևում ենք հրահանգներին և մի քանի քլիքից հետո այն արդեն ամբողջությամբ տեղադրված է մեր համակարգչում։
Ի սկզբանե այն իր մեջ պարունակում է արտաքին տեսքի 2 տարբերակ՝ սպիտակ և սև ինտերֆեյսերով, որոնք կարող ենք ընտրել՝ այցելելով View -> Themes բաժինը։ Այստեղ մենք կարող եք ընտրել նաև տառերի չափերը և տառատեսակը։
View բաժնում արտաքին տեսքի ընտրությունից բացի կան նաև այլ շատ օգտակար հնարավորություններ։ Մասնավորապես, Vertical Split և Horizontal Split – ի միջոցով կարող ենք կիսել էկրանը և միաժամանակ բացել 2 տարբեր փաստաթղթեր։ Սա կարող է շատ օգտակար լինել HTML և CSS փաստաթղթեր միաժամանակ բացելու դեքում։
CSS ֆայլի մեջ կամ HTML ֆայլի մեջ գտնվող <style> էլեմենտում գրված CSS կոդերի մեջ օգտագործվող գույների ընտրության հարցում այս խմբագրիչը մեզ առաջարկում է բավականին հարմար տարբերակ։ Ենթադրենք ունենք
color: #22de3f;
արտահայտությունը։ Նախ տեսնելու համար, թե ինչ գույն է գրված այս կոդի մեջ, բավական է պահել մկնիկը նրա վրա և կբացվի մի փոքրիկ պատուհան, որը ցույց կտա այդ գույնը։ Իսկ այն փոխելու համար կարող ենք կուրսորը դնել գույնի կոդի ցանկացած հատվածում և սեղմել Ctrl + e ստեղները։ Մեզ համար կբացվի պատուհան, որը հնարավորություն կտա ըտրել մեր ցանկացած գույնը։
Ctrl + e ստեղների համադրումը մեզ օգնում է մի ևս շատ կարևոր հարցում։ Եթե մենք կուրսորը դնենք որևէ էլեմենտի վրա և սեղմենք այս ստեղները, ապա խմբագրիչը կսկսի փնտրել տվյալ HTML ֆայլին կապված CSS ֆայլ, որի մեջ գրված են այդ էլեմենտին վերաբերվող CSS արտահայտություններ և կբացի այն։ Իսկ չգտնելու դեպքում այն Ձեզ կառաջարկի CSS ֆայլի մեջ ստեղծել տարածք, այդ էլեմենտի համար CSS կոդ գրելու համար։
Այս խմբագրիչի միջոցով մենք կարող եք նաև ստեղծել պրոյեկտ։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ձախ կողմից սեղմել “Open Folder” կոճակը, բացված պատուհանում ընտրել համապատասխան պանակը, որից հետո մեզ տեսանելի կլինեն այդ պանակի մեջ գտնվող բոլոր ֆայլերը՝ հիերարխիկ դասավորությամբ։
Խմբագրիչի աջ կողմում տեղակայված է Live Preview կոճակը, որը սեղմելու դեպքում բացվում է բրաուզերը։ Վերջինիս վրա կարող ենք տեսնել մեր կատարած փոփոխությունները՝ առանց թարմացնելու էջը բրաուզերում։
Աջ կողմում է տեղակայված նաև կարևորագուն կոճակներից մեկը՝ Extention Manager – ը։ Այն բացում է պատուհան, որը տալիս է հնարավորություն արտաքնապես ձևափոխելու և ֆունկցիոնալ առումով ավելի ընդլայնելու Brackets – ը։ Տեսքային առումով ձևափոխելու համար մեզ անհրաժեշտ է ընտրել Themes բաժինը, փնտրել մեր նախընտրած տարբերակը և սեղմել Install : Որից հետո արդեն մենք կունենաք նոր տարբերակ Themes բաժում, որի ակտիվացումը մենք արդեն քննարկեցինք վերևում։ Իսկ ֆունկցիոնալ առումով խմբագրիչի հնարավարություններն ընդլայնելու համար ընտրում ենք Available բաժինը։ Նույն ձևով այստեղից ընտրում ենք մեր ուզած հավելվածը՝ սեղմելով Install, որն ակտիվացնելու անհրաժեշտություն չկա։
Ես իմ փորձից ելնելով խորհուրդ եմ տալիս օգտվել այս հավելյալ հնարավորություններից և ներբեռնել տարբեր տեսակի հավելումներ, քանի որ դրանք կարող են զգալիորեն հեշտացնել մեր գործը։
Մեր բլոգում մենք ունենք գրառումներ, որոնցում ներկայացվում են շատ կարևոր հավելումներ (Brackets տեքստային խմբագրիչի հավելվածներ)։
Մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեր հարցերին և առաջարկներին, որոնք շատ կարևոր են մեզ համար։
Շնորհակալություն մեր բլոգից օգտվելու համար, Հարգանքներով IT Blog թիմ։