Google, Microsoft և Facebook տեխնոլոգիական հսկաներն օգտագործում են մեքենական ուսուցում թարգմանությունների համար, սակայն DeepL անվանումը ստացած փոքրիկ թիմը կարողացել է գերազանցել դրանց բոլորի արդյունքները:
Tech Crunch-ի լրագրողների խոսքերով, ովքեր փորձարկել են նոր թարգմանական համակարգը, DeepL-ի կողմից իրականացված թարգմանություններն ընդհանուր առմամբ գերազանցում են Google Translate-ին և Bing-ին:
Մինչդեռ Google Translate-ը հաճախ առաջարկում է բառացի թարգմանություն, որը հաշվի չի առնում որոշ նրբություններ և դարձվածքներ, DeepL համակարգն առաջարկում է թարգմանության ավելի բնական տարբերակ, որը որակային առումով ավելի մոտ է պրոֆեսիոնալ թարգմանչի աշխատանքին:
DeepL-ը ստեղծվել է Linguee-ի հիման վրա, թարգմանչական գործիք, որն արդեն երկար տարիներ է ինչ գոյություն ունի, սակայն չի կարողացել հասնել Google Translate-ի մակարդակին: Linguee-ի հիմնադիրներից մեկը` Ջերեոն Ֆրալինգը նախկինում աշխատել է Google Research-ում, սակայն հեռացել է այնտեղից 2007 թվականին:
Թիմն աշխատում է մեքենական թարգմանության ոլորտում երկար տարիներ, սակայն միայն անցյալ տարի են նրանք սկսել լրջորեն աշխատել նոր համակարգի և ընկերության վրա, որն էլ ստացել է DeepL անվանումը:
«Մենք ստեղծել ենք թարգմանությունների համար նախատեսված նեյրոնային ցանց, որը ներառում է վերջին մշակումների մեծ մասը, որոնց թվին ավելացել են նաև մեր նոր գաղափարները»,-ասել է Ֆրալինգը:
Մեկ միլիարդից ավելի թարգմանությունների և հարցումների տվյալների հսկայական բազան, ինչպես նաև համացանցում համանման հատվածների որոնման մեթոդը դարձել են նոր մոդելի ուսուցման ամուր հիմք: Իսկ համակարգի աշխատանքն ապահովում է Իսլանդիայում գտնվող սուպերհամակարգիչը, որը հզորությամբ 23-րդն է աշխարհում: