DeepMind ընկերությունը ստեղծել է արհեստական ինտելեկտի նոր տեսակ, որը կարող է օգտագործել իր «երևակայությունը» մոտ ապագայի պատկերացման ստեղծման և իր գործողությունների պլանավորման համար: Այն ավելի ճշգրիտ և արդյունավետ է, քան սովորական արհեստական ինտելեկտը:
Իրենց պաշտոնական կայքում ընկերության հետազոտողները հակիրճ ներկայացրել են նորույթը` «պլանավորման նոր մոտեցում `հիմնված երևակայության վրա»: Այսպես կոչված երևակայությամբ լրացված գործակալները կամ I2As (Imagination-Augmented Agents) օգտագործում են ներքին «մտավոր պատկերացման կոդավորիչ», որն օգնում է արհեստական ինտելեկտին որոշել, թե իրադարձությունների զարգացման վերաբերյալ որ ենթադրություններն են ապագայում ավելի ճիշտ, իսկ որոնք` ոչ:
Հետազոտողները պնդում են, որ արհեստական ինտելեկտի երևակայությունը որոշիչ նշանակություն ունի իրական միջավայրերի հետ աշխատանքի համար, որտեղ օգտակար է ստուգել գործողությունների մի քանի հնարավոր արդյունքներ «Ձեր գլխում»` կանխատեսելու համար, թե որն է դրանցից ամենալավը:
Վերջերս DeepMind-ի հիմնադիր Դեմիս Հասաբիսը գրել է հոդված, որը հրապարակվել է Neuron ամսագրում: Հոդվածում ներկայացված է, թե ինչպես է արհեստական ինտելեկտի ընդհանուր զարգացումը կախված մարդկային կարողությունների կոդավորումից, ինչպիսիք են երևակայությունը, հետաքրքրասիրությունը և հիշողությունը: I2A –ը հանդիսանում է մարդկային ուղեղի այդ ֆունկցիաների պատճենման փորձ:
Նոր ալգորիթմը փորձարկվել է Sokoban խաղ-գլուխկոտրուկի վրա, որտեղ փոքրիկ այլմոլորակայինը պետք է բլոկներ տեղափոխի անհրաժեշտ վայրեր: Դրանք չի կարելի դուրս քաշել, այդ պատճառով յուրաքանչյուր սխալ քայլ կարող է հանգեցնել պարտության: Հետազոտողներն արհեստական ինտելեկտին ընդամենը մեկ հնարավորություն են տվել, ինչը ստիպում է նրան մշակել տարբեր տարբերակներ և յուրաքանչյուր շարժման հնարավոր ելքը: Միայն այսպիսի ստուգումից հետո արհեստական ինտելեկտն իրականացնում էր որևէ քայլ:
I2A-ն ավելի արդյունավետ է, քան առանց «երևակայության» արհեստական ինտելեկտը: Այն ավելի արագ է սովորել կողմնորոշվել գլուխկոտրուկներում` ստանալով ավելի շատ ինֆորմացիա խաղային իրադարձությունների զարգացման մոդելավումից: Երբ հետազոտողներն ավելացրեցին ֆունկցիան, որը կազմում էր հետագա գործողությունների ստուգումների պլանը, համակարգը սկսեց լուծել խնդիրներն ավելի արագ և արդյունավետ:
Իհարկե, համակարգչային «երևակայության» այս տեսակը շատ է զիջում մարդկանց հնարավորություններին, սակայն փորձարկումներն ապացուցում են, որ արհեստական ինտելեկտը կարող է օգուտներ քաղել ապագան կանխատեսելու և իր գործողությունների և որոշումների պլանավորման փորձերից:
Ինչպես գրել էր Հասաբիսը Neuron ամսագրում, երևակայություն ունեցող համակարգերի ստեղծումը թերևս ամենադժվար խնդիրն է արհեստական ինտելեկտի ուսումնասիրության համար` ստեղծել արհեստական ինտելեկտ, որը կարող է հիերարխիկորեն պլանավորել, իսկապես բարդ է և կարող է ներկայացնել խնդիրների լուծումներ, որոնք ներկայումս նույնիսկ մարդկային մտքի համար հասանելի չեն: Բայց քայլ առ քայլ հնարավոր է հասնել դրան: