Ռոբոտատեխնիկան համարվում է ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ամենաարագ զարգացող ոլորտներից մեկը: Վերջերս Հարավային Կորեայի մասնագետները ստեղծել են փափուկ նյութերից պատրաստված առաջին ռոբոտը, որը կարող է տեղաշարժվել առանց շարժիչների և այլ մեխանիկական բաղադրիչների օգտագործման:
Ռոբոտը ստացել է DeployBot անվանումը և այն կարող է շարժվել այն դեպքում, երբ էլեկտրական հոսանքն անցնում է ձևի հիշողությամբ մետաղից կազմված հաղորդալարերի միջով, որոնք ներկառուցված են կորպուսի որոշ մասերի մեջ: Ռոբոտն ունի մոդուլային կառուցվածք: Էլեկտրական հոսանքը տաքացնում է դրա բաղադրիչները, ինչը ստիպում է ճկուն հատվածներին անցնել շարժման: Հոսանքի սնուցման կարգավորիչը հնարավորություն է տալիս էլեկտրաէներգիա մատակարարել առանձին հատվածներին:
Նման մոտեցման հիմնական առավելությունը հանդիսանում է ցանկացած միջավայրում ռոբոտի օգտագործման հուսալիությունը` մեխանիկական համակարգերի բացակայության պատճառով: Հետազոտողները ենթադրում են, որ DeployBot-ը հեշտությամբ կարող է օգտագործվել օվկիանոսի խորքերն ուսումնասիրելու համար: Իսկ արտադրության ցածր արժեքը և կառուցվածքի դյուրինությունը այն դարձնում է հիանալի միջոց տիեզերական գիտարշավների համար:
DeployBot-ը հավաքվում է ութ մոդուլներից` չորսը «մարմնի», մնացածը «ոտքերի» համար: Մոդուլները պատրաստված են կոշտ և ճկուն նյութերից և պարունակում են ներկառուցված մագնիսներ, որոնք միացնում և պահում են մի քանի մոդուլներ միասին:
Այժմ ռոբոտի գլխավոր թերությունը տեղաշարժման արագությունն է, որը չի գերազանցում ժամում 2 մետրը: Սակայն գիտնականները և ինժեներները ծրագրում են ընդլայնել ռոբոտի ֆունկցիոնալությունը և ապագայում կբարելավեն տեղաշարժման արագությունը: DeployBot ռոբոտի նոր տարբերակներում նրանք նախատեսում են օգտագործել ոչ միայն էլեկտրական հոսանք, այլ նաև մագնիսական դաշտեր և օդաճնշական հաղորդակներ: