Disney ընկերության ինժեներները ստեղծել են հատուկ հրավառություն տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց համար:
«Feeling Fireworks»-ը նոր նախագիծ է, որը թույլ է տալիս կույր կամ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց «զգալ» հրավառությունը: Disney Research-ի նոր նախագիծը լայնածավալ շոշափողական հրավառության շոու է, որտեղ ջրի շարժական հոսքերն ուղղվում են դեպի ճկուն էկրանը: Տարբեր ծայրափողերն իրականացնում են հրավառության տարբեր էֆեկտներ:
Օգտատերերը կարող են դիպչել էկրանին և կկարողանան զգալ շոշափողական հրավառությունը, որն անմիջականորեն նման է երկնքում տեղի ունեցող ֆիզիկական հրավառությանը:
«Մեր նպատակը կայանում է նրանում, որ կույր կամ տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան զգալ այն նույն հիացմունքը, որը վերապրում են մարդիկ, երբ տեսնում են հրավառություն»,- հաղորդվում է հետազոտական աշխատանքում:
Ըստ New Scientist-ի, նախագիծը դեռևս գտնվում է ցուցադրության փուլում: Այս պահին համակարգը փորձարկվել է միայն այն մարդկանց վրա, ովքեր տեսնում են: Սակայն մոտ ապագայում համակարգի հետագա փորձարկման համար կհրավիրվեն կույր մարդիկ: