Fitbit ընկերությունը համագործակցում է Dexcom-ի հետ` ընկերություն, որը ստեղծում է սարքեր գլյուկոզայի մշտական մոնիտորինգի համար (CGM) այն մարդկանց համար, ովքեր տառապում են շաքարախտով: Ընկերությունը հայտարարել է, որ հիմնական նպատակն է ինտեգրել Dexcom սարքի տվյալները նոր Ionic խելացի ժամացույցներում:
Dexcom ընկերության CGM սարքերն օգտագործում են տվիչ, որը գտնվում է մաշկի տակ և չափում է մարդու գլյուկոզայի մակարդակը գրեթե ամեն րոպե: Դա հնարավորություն է տալիս ստանալ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մանրամասն պատկեր: Այժմ տվիչին միացված հաղորդիչը թույլ է տալիս դիտել գլյուկոզայի մակարդակի ցուցանիշները սմարթֆոնի կամ նույնիսկ Apple Watch-ի միջոցով, սակայն շուտով հնարավոր կլինի տվյալները տեսնել նաև Ionic-ի էկրանին:
Dexcom և Fitbit ընկերությունները հուսով են, որ տեխնոլոգիան հասանելի կլինի օգտատերերի համար 2018 թվականին: Նրանք աշխատում են շաքարախտի վերահսկման մի շարք այլ գործիքների մշակման վրա: «Մենք կարծում ենք, որ CGM-ի տվյալների ինտեգրումը Fitbit Ionic խելացի ժամացույցներում դրական ազդեցություն կունենա այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ պայքարում շաքարախտի դեմ»,-ասել է Dexcom ընկերության գլխավոր տնօրեն Քեվին Սայերը: