Բուրգերների պատրաստումը յուղոտ և վտանգավոր աշխատանք է: Այրվածքները, կտրվածքները հանդիսանում են այն ընդհանուր վտանգները, որոնք կապված են աշխատանքի հետ: Սակայն բուրգերների համաշխարհային պահանջարկը հսկայական է: Արագ սննդի ռեստորանային ցանցի ընդհանուր եկամուտը 2016 թվականին կազմել է ավելի քան 75,5 միլիարդ դոլար: Մարդկանց այս հարցում օգնելու համար` Miso Robotics ընկերությունը ստեղծել է Flippy անունով նոր «խոհանոցային օգնական»: Flippy ռոբոտն ունի արհեստական ինտելեկտ և ցանկացած խոհանոցում կարող է ինքնուրույն գտնել բուրգերներ պատրաստելու բաղադրիչները:
Miso Robotics ընկերության գլխավոր տնօրեն և համահիմնադիր Դեվիդ Զիտոն ասել է. «Մենք կենտրոնանում ենք ռեստորաններում արհեստական ինտելեկտի օգտագործման վրա: Սա ձանձրալի, կեղտոտ և վտանգավոր աշխատանք է: Գաղափարը կայանում է նրանում, որպեսզի օգնենք ռեստորաններին բարելավել սննդի որակը և անվտանգությունը`առանց խոհանոցային էական վերափոխումների»:
Miso Robotics-ը մասնակի ֆինանսավորում է ստացել CaliBurger արագ սպասարկման ռեստորանի կողմից, որն արտադրում և վաճառում է բուրգերներ և այսօր գործում է ավելի քանի 12 երկրներում: Canyon Creek Capital-ը և այլ անհատ ներդրողներ նույնպես աջակցել են Miso Robotics-ին աշխատանքները սկսելու հարցում:
Ընկերության ղեկավարների խոսքերով` ռոբոտն արդեն փորձարկվել է Պասադենա քաղաքի ռեստորաններից մեկում: Փորձարկումից հետո տնօրինությունը որոշում է կայացրել ռոբոտներ կիրառել նաև 50 այլ ռեստորաններում:
Ռոբոտը հագեցած է բազմաթիվ տվիչներով`ջերմային սենսորով, 3D-սենսորով, ինչպես նաև տարատեսակ տեսախցիկներով, որոնց օգնությամբ Flippy-ն որոշում է, թե որ օբյեկտներն են գտնվոմ սալօջախի վրա:
Բացի այդ, ռոբոտը հագեցած է արհեստական ինտելեկտի վրա հիմնված ծրագրային ապահովմամբ: Դա հնարավորություն է տալիս նրան վերլուծել ստեղծված իրավիճակը և ավտոմատ կերպով ճանաչել սալօջախի վրա գտնվող բոլոր բաղադրիչները: Նշվում է, որ ռոբոտը հեշտությամբ է կարողանում աշխատել սովորական գրիլի և ջեռոցի հետ:
Flippy-ն կարողանում է հետևել հավի և տավարի մսով կոտլետների, բուլկիների պատրաստմանը: Կախված մուտքագրված պարամետրերից ռոբոտն անրաժեշտ ժամանակ ինքնուրույն շրջում է ուտելիքները, հետևում է պատրաստման ժամանակին և ջերմաստիճանին: Երբ բաղադրիչները պատրաստ են, ռոբոտը տեղեկացնում է խոհարարներին, որ ժամանակն է ավելացնել պանիր կամ այլ բաղադրիչներ: Հետագայում հեղինակները մտադիր են սովորեցնել Flippy-ին կատարել այլ առաջադրանքներ` բանջարեղեն կտրատել, հավ տապակել, կերակուր մատուցել:
Ի տարբերություն այլ բուրգեր պատրաստող ռոբոտների, այդ թվում`Momentum Machines ընկերության կողմից ստեղծված ռոբոտի, Flippy-ն կառավարվում է AI Miso Robotics ծրագրային ապահովման միջոցով: Արհեստական ինտելեկտը և մեքենական ուսուցումը թույլ են տալիս ռոբոտ-խոհարարին ստեղծել նոր կերակրատեսակներ`հարմարվելով ռեստորանի կերակրացուցակի սեզոնային փոփոխություններին:
Ինչ վերաբերում է աշխատակիցներին, որոնք կարող են առանց աշխատանք մնալ, ապա Сaliburger-ի տնօրինությունը նշում է, որ ռոբոտը նախատեսված է մարդու հետ համատեղ աշխատանքի համար, այդ պատճառով խոհարարների մեծ մասը կսովորեն աշխատել Flippy ռոբոտի հետ: Գլխավոր տնօրենն ասել է. «Ուտելիքների համտեսման և բաղադրատոմսերի ստեղծման համար միշտ կպահանջվեն մարդ-խոհարարներ: Բացի այդ, ռեստորանային բիզնեսն իր մեջ ներառում է նաև սոցիալական ասպեկտ (օրինակ` հյուրընկալությունը), հետևաբար առանց մարդկանց դժվար թե երբևէ կարողանանք աշխատել»,- հավաստիացրել է Դեվիդ Զիտոն: