Շատ ընկերություններ սկսել են առաջարկել իրական կիրառման ֆունկցիոնալ էկզոկմախքներ` օգնելու համար զինվորներին, ինչպես նաև այն հիվանդներին, ովքեր տառապում են ստորին կամ վերին վերջույթների կաթվածահարությունից: Սակայն դրանք նաև կարող են օգտագործվել ծանր աշխատանքներ իրականացնող սովորական աշխատակիցներին օգնելու համար:
Ford-ի նոր տեխնոլոգիան ստացել է EksoVest անվանումը: Այն իրենից ներկայացնում է էկզոկմախքի նոր տեսակ, որն օգնում է աշխատակիցներին պահել մարմնի վերին հատվածը ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար` ծանրություններ բարձրացնելիս և առաջադրանքներ կատարելիս:
Ավտոարտադրողը նշել է, որ Ford ընկերության որոշ աշխատակիցներ կատարում են այդպիսի առաջադրանքներ օրական մինչև 4600 անգամ և տարեկան մինչև մեկ միլիոն անգամ:
Ekso Bionics-ի և Ford-ի կողմից մշակված EksoVest-ն օգնում է բարձրացնել 5-15 ֆունտ` օգտատերերի մարմնի վերին հատվածի ծանրաբեռնվածությունը թեթևացնելով և հոգնածությունը հաղթահարելով: Այդ օգնությունը կարող է կանխել աշխատավայրում մկանային և մտավոր հոգնածության պատճառով տեղի ունեցող դժբախտ պատահարները: EksoVest-ը նախատեսված է 192 սանտիմետր հասակ ունեցող աշխատակիցների և այն մարդկանց համար, ովքեր մշտապես ծանրություններ են կրում սկսած գործարաններից մինչև շինհրապարակներ և բաշխիչ կենտրոններ:
«Ford-ի հետ համատեղ աշխատանքը մեզ թույլ է տվել փորձարկել և ավարտին հասցնել EksoVest-ի վաղ նախատիպերը»,-ասել է Ekso Bionics-ի համահիմնադիր և գլխավոր տեխնիկական տնօրեն Ռոս Անգոլդը: «Վերջնական արդյունքում ստացվում է գործիք, որը նպաստում է աշխատակցի ծանրաբեռնվածության նվազեցմանը` կրճատելով վնասվածքների հավանականությունը և օգնելով նրան իրեն ավելի լավ զգալ աշխատանքային օրվա վերջում»:
Ներկայումս Ford-ը փորձարկում է EksoVest-ն ԱՄՆ-ի երկու գործարաններում և պլանավորում է ընդլայնել ծրագիրը եվրոպական և հարավամերիկյան մի շարք ձեռնարկություններում: