GE ընկերությունը ներկայացրել է նախկինում ցուցադրված մետաղական 3D-տպիչ սարքը, որը հարմար է ինքնաթիռի մասերի պատրաստման համար: Գերմանիայում տեղի ունեցած առևտրային ցուցահանդեսի ժամանակ GE Additive թիմը ցուցադրել է դեռևս անվանում չստացած մեքենան, որն ընդունակ է տպել մասեր մինչև մեկ մետր տրամագծով անմիջականորեն համակարգչային ֆայլից: Սարքն օգտագործում է արտադրության ադդիտիվ տեխնոլոգիա, շերտի ձևավորումը տեղի է ունենում 1-կիլովատ հզորություն ունեցող լազերի միջոցով մետաղական փոշու խտացման հաշվին:
Սարքը կարող է ստեղծել ավելի մեծ մասեր ևս, անհրաժեշտության դեպքում սարքի դիզայնը թույլ է տալիս ավելացնել լրացուցիչ լազերներ: Project ATLAS թիմի մասնակից Մոհամմադ Էհթեշամին հայտարարել է, որ սարքի օգնությամբ արդեն տպել են այրման խցիկ: Նա հավելել է նաև, որ այն կարող է օգտագործվել ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, ինչպես նաև էներգետիկայի և տիեզերագնացության ոլորտներում:
Տպիչը, որը դեռևս բետա փորձարկման փուլում է գտնվում, օգտագործում է արտադրության ադդիտիվ տեխնոլոգիա: Այս տեխնոլոգիան արդեն օգտագործվում է GE ընկերության որոշ ստորաբաժանումների կողմից: GE Aviation-ն աշխատում է Advanced Turboprop առևտրային ավիացիոն շարժիչի վրա, որը հիմնականում կազմված է եռաչափ մասերից: Կիրառելով այս տեխնոլոգիան` ինժեներներին հաջողվել է կրճատել առանձին մասերի թիվը 855-ից մինչև 12: Էհթեշամիի խոսքերով` սարքը հանդիսանում է «ինժեներների երազանքը»: