Նոր համակարգը կօգնի բժիշկներին խնայել շատ ժամանակ:
Բժիշկները երկար ժամեր են աշխատում, և այս ժամանակի զգալի մասը նրանք ծախսում են հիվանդների խորհրդատվությունների փաստաթղթավորման վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բժիշկներն անցկացնում են 11-ժամյա աշխատանքային օրվա ավելի քան 6 ժամը համոզվելու համար, որ իրենց գրառումները համապատասխանում են իրականությանը:
Google Brain-ը և Ստենֆորդի համալսարանի հետազոտողները կարծում են, որ խոսքի ճանաչումը հանդիսանում է խնդրի լուծումը: Վերջերս նրանք աշխատել են մի համակարգի մշակման վրա, որն օգտագործում է ավտոմատ խոսքի ճանաչում (ինչպես Google Assistant-ը կամ Google Translate-ը), և որը ճանաչում և ֆիքսում է ինչպես բժշկի, այնպես էլ հիվանդի խոսքը:
Համակարգը կարող է տարբերակել ոչ միայն սենյակում եղած ձայները, այլև թեմաները: Այն կարող է տարբերել, երբ է խոսքը գնում կարևոր բժշկական ախտորոշման մասին, իսկ երբ է հիվանդը ոչ կարևոր թեմաներ շոշափում, օրինակ` խոսում է եղանակի մասին: Սա կօգնի բժիշկներին տիրապետել ողջ անհրաժեշտ ինֆորմացիային, որն օգտակար կլինի հետագա դիտարկումների ժամանակ, և բարելավել հաղորդակցությունն հիվանդների հետ:
Առայժմ համակարգը հեռու է կատարյալից: Ցուցաբերելով սխալների 18,3% գործակից` համակարգը գտնվում է մշակման փուլում: Հետազոտողների խոսքերով` սա բավականին լավ արդյունք է գործնական օգուտ ստանալու համար, չնայած արդյունքը դեռևս իդեալական չէ: Նաև անհրաժեշտ է համոզվել, որ համակարգն իսկապես գաղտնի է և անվտանգ:
Եթե խոսքի ճանաչման համակարգը տարածում գտնի, ապա դա կարող է զգալիորեն բարելավել բժիշկների գործունեության արդյունավետությունը: Նրանք կկարողանան ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց հիվանդներին և ավելի քիչ ժամանակ ծախսել յուրաքանչյուր այցելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության վրա: