Huawei ընկերության դեմքի ճանաչման նոր տեխնոլոգիան 10 անգամ ավելի ճշգրիտ կլինի, քան Apple FaceID համակարգը:
Honor V10-ի շնորհանդեսի ժամանակ ընկերությունը պատմել է նոր համակարգի մասին, որը հստակ նախատեսված է դեմքի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման համար, ինչպես Apple ընկերության կողմից ներկայացված TrueDepth համակարգը: Այն նույնպես օգտագործում է ինֆրակարմիր ճառագայթների և պրոյեկտորի համադրություն` օգտատիրոջ դեմքի 3D-մոդելի ստեղծման համար: Ընդ որում, համակարգը գրավում է 300 000 կետ, ինչը 10 անգամ ավելի շատ է, քան iPhone X-ի դեպքում: Իսկ ավելի բարդ մոդել ստանալու համար` Huawei-ի տարբերակին անհրաժեշտ է 10 վայրկյան:
Նոր համակարգն անվտանգ է վճարումներ իրականացնելու համար (ի տարբերություն OnePlus 5T-ի): Ընկերությունը ցուցադրել է նաև Animoji ծրագրի նմանակ տարբերակը: Անիմացիոն հուզապատկերներն ավելի ճշգրիտ են փոխանցում էմոցիաները: Օրինակ, եթե օգտատերը լեզու է ցույց տալիս, ապա դրանք նույնն են անում:
Honor թիմը ցուցադրել է համակարգը, սակայն դեռ չի հաղորդել, թե կոնկրետ որ հեռախոսները կօգտագործեն այն, ինչպես նաև այն, թե երբ նորույթը կհայտնվի շուկայում: