Օդանավակայանի աշխատակիցներին տոմսեր և վայրէջքի կտրոն ցույց տալու փոխարեն, JetBlue ամերիկյան ավիաընկերության ուղևորներն այժմ կարող են հաստատեն իրենց ինքնությունը լուսանկարի օգնությամբ: Համակարգը հասանելի կլինի արդեն այս ամիս:
JetBlue ավիաընկերությունը մեկնարկում է ուղևորների կենսաչափական նույնականացման պիլոտային ծրագիր ԱՄՆ մաքսային և սահմանապահ պաշտպանության գրասենյակի, ինչպես նաև SITA շվեյցարական ընկերության հետ համատեղ, որը տրամադրում է անհրաժեշտ ծրագրային ապահովում: Համակարգի առաջին փորձարկումները կսկսվեն հունիսին և կիրականացվեն միայն Արուբայից Բոստոն մեկնող չվերթների դեպքում:
Լուսանկարների միջոցով իրականացվող նույնականացման գործընթացն աշխատում է հետևյալ սկզբունքով` օդանավակայան ժամանելիս ուղևորը մոտենում է տեսախցիկին, որը լուսանկարում է նրա դեմքը և SITA տեխնոլոգիայի օգնությամբ ուղարկում է այն մաքսային գրասենյակ: Այնտեղ լուսանկարը համեմատվում է բազայի տվյալների և գնված տոմսի ինֆորմացիայի հետ, և եթե ամեն ինչ կարգին է, ապա տեսախցիկի վերին հատվածում գտնվող էկրանի վրա ցուցադրվում է համապատասխան հաղորդագրություն: Դրանից հետո, ուղևորն անցնում է անվտանգության ստուգում:
«Մենք ցանկանում ենք ապահովել անվտանգ և արագ գործընթաց ուղևորների համար» ,- ասել է SITA ընկերության տեխնիկական գծով տնօրեն Ջիմ Պետերսը: «Մենք օգտագործում ենք բարդ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կենսաչափական ստուգումներ»:
Այն մասին, թե ինչպես են պահվելու և փոխանցվելու ուղևորների լուսանկարները, JetBlue ավիաընկերության ներկայացուցիչը պատասխանել է հետևյալ կերպ. «Բոլոր լուսանկարները փոխանցվում են անվտանգ ցանցային կապի միջոցով: SITA-ի տեխնոլոգիան ապահով կերպով փոխանցում է լուսանկարը անմիջապես CBP-ի (Մաքսային և սահմանային պաշտպանություն) տվյալների բազա: Ոչ մի լրացուցիչ կողմի հասանելի չէ գաղտնի ինֆորմացիան»:
Նմանատիպ տեխնոլոգիա արդեն փորձարկում են բրիտանական British Airways ավիաընկերությունը Հիթրոու օդանավակայանում, ինչպես նաև ֆրանսիական ADP-ն Շառլ դե Գոլ օդանավակայանում: Մինչև 2020 թվականը ուղևորների նույնականացման կենսաչափական համակարգի օգտագործում նախատեսում է նաև մեկնարկել Ավստրալիայի միգրացիայի վարչությունը: