AliveCor ընկերության կողմից ներկայացված KardiaBand անվանմամբ նոր հավելվածը կնախազգուշացնի օգտատերերին նախասրտերի ֆիբրիլացիայի և սրտի այլ խնդիրների մասին:
Ընկերությունը հաղորդում է, որ KardiaBand-ն իրենից ներկայացնում է սարք, որը կարող է հայտնաբերել սրտի հետ կապված խնդիրները: Եվ այն դարձել է FDA-ի կողմից հաստատված առաջին բժշկական թարմացումը: Հավելվածը կարող է որոշել օգտատիրոջ ԷՍԳ-ի ցուցանիշը 30 վայրկյանում, ապա հայտնաբերել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են նախասրտերի ֆիբրիլացիան (սրտի կանոնավոր ռիթմի խանգարման տեսակ):
Բացի այդ, ընկերությունը թողարկել է SmartRhythm ֆունկցիայով հագեցած նոր տարբերակը, որն օգտագործում է սրտի ռիթմի ներկառուցված տվիչ և արհեստական ինտելեկտի ալգորիթմներ: Այն կարող է նախազգուշացնել օգտատիրոջը, երբ է սրտի ռիթմն ուժեղանում, երբ նա չի մարզվում, թե երբ ծանրաբեռնված է:
FDA-ի կողմից ստացած հավանությունը նշանակում է, որ AliveCor ընկերությունը կարող է վաճառել այն որպես բժշկական սարք: Սակայն, միևնույն ժամանակ, օգտատերերին անհրաժեշտ չէ բժշկի թույլտվություն այն օգտագործելու համար:
Այս բոլոր հնարավորությունները մարդկանց թույլ կտան հեշտությամբ ստուգել սրտի ռիթմը` ֆիքսելով կարևոր ինֆորմացիան, ինչը կօգնի բժիշկներին հայտնաբերել խնդիրը և հաղորդել ինսուլտի կամ այլ լուրջ հիվանդությունների առաջացման մասին:
Սարքն օգտագործում է արհեստական ինտելեկտ` կոնկրետ օգտատիրոջ սրտի կծկումների դիապազոնը և ԷՍԳ-ի տվյալները որոշելու համար: Եթե սարքը հայտնաբերում է ինչ-որ խնդիր, ապա այն օգտատիրոջը խորհուրդ է տալիս կատարել ԷՍԳ-ի ավելի ճշգրիտ վերլուծություն: Օգտատերերը կկարողանան նաև օգտագործել ձայնի ճանաչման տեխնոլոգիան ախտանշանները բարձրաձայն նկարագրելու համար, իսկ ժամացույցը կպահի բոլոր տվյալները: Սարքը կարող է նաև ուղարկել օգտատիրոջ անալիզի արդյունքները բժշկին:
Այժմ KardiaBand-ը հասանելի է 200 դոլարով: Սակայն օգտատերերը պետք է վճարեն ևս 99 դոլար տարեկան բաժանորդագրության համար, որպեսզի կարողանան ստանալ բոլոր ֆունկցիաները և անալիզները: Դա նշանակում է, որ սարքը որոշ չափով նախատեսված է այն հիվանդների համար, ովքեր ունեն սրտի ռիթմի հետ խնդիրներ ունենալու ինչ-որ պատճառ, օրինակ` նախորդ ախտորոշման պատճառով:
«Թիրախային լսարանի հիմնական ներկայացուցիչները տարեց մարդիկ են, այդ պատճառով հավելվածը հարմար է դիզայնի և օգտագործման տեսանկյունից»,-ասել է AliveCor ընկերության գլխավոր տնօրեն Վիկ Գունդոտրան: «Մեր թիմի անդամները մարդիկ են, ովքեր ստեղծում են արդյունավետ ապրանքներ: Ուստի, մենք գիտենք, թե ինչ է հարկավոր այն արտադրանքի մեկնարկի համար, որը կարող է օգտագործել 55-ամյա տղամարդը»,-ավելացրել է նա: