Ձեռնարկատեր Ֆրենկ Ռուժյեն բախվել է մի շարք խնդիրների հետ իր ժամանակակից և էներգաարդյունավետ տանը` հասկանալի չէր, թե ինչպես են աշխատում օդափոխության, ջրամատակարարման համակարգերը, որտեղ են գտնվում հոսանքի լարերը, ինչ անել, եթե համակարգերից որևէ մեկը խափանվի: Խնդիրների պատրաստի լուծում չգտնելով` նա որոշեց ստեղծել իր սեփական լուծումը:
Ռուժյեն ստեղծել է Kirio համակարգը, որը միավորում է դեռ շինարարության փուլում տանը տեղակայված տարբեր տվիչներ և համակարգեր: Համակարգի առավելությունն այն է, որ ոչ շինարարները, ոչ օգտատերերը, չլինելով ծրագրավորման մասնագետներ, կարող են օգտվել դրանից, պարզապես պետք է հետևել հրահանգներին:
Համակարգին կարելի է միացնել նաև խելացի սարքավորումներ, օրինակ` Alexa և ջերմապահպանիչներ: Դեռ շինարարության փուլում տան հիմնական սարքերին միացվում են լրացուցիչ տվիչներ: Այնուհետև, դրանք բոլորը միանում են մեկ ընդհանուր համակարգին, որն էլ թույլ է տալիս վերահսկել ողջ տունը: Kirio-ին միացվող սարքերի և համակարգերի քանակն անսահմանափակ է: Կարևորն այն է, որ շինարարները տվիչները տեղադրեն հրահանգներին համաձայն, իսկ հետագայում դրանք կարող են հարմարեցվել այնպես, ինչպես անհրաժեշտ է: Լույսը ավտոմատ կերպով կանջատվի, երբ որ սենյակներում մարդ չլինի, ջեռուցումն ավելի ակտիվ կաշխատի, երբ ջերմաստիճանը կնվազի:
Kirio-ն օգտագործում է մեքենական ուսուցում տան բնակիչների հետ ծանոթանալու համար: Այն հավաքում է տվյալներ կախված բնակիչների օրվա ռեժիմի` համապատասխան սցենարներ առաջարկելու համար: Օրինակ` «Ես տանն եմ»` եթե ամեն օր, մարդը տուն է վերադառնում ժամը 18:30, միացնում է միջանցքի լույսը, օդորակիչը և ռադիոն, ապա հետագայում համակարգն ինքն է սկսում կատարել այդ գործողությունները օգտատիրոջ փոխարեն: Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ բոլորովին անհրաժեշտ չէ հասկանալ տեխնիկայից, որպեսզի ամբողջ տունն աշխատի մարդու հարմարավետության համար:
Kirio-ն ունի լիթիումիոնային պահեստային մարտկոց: Եթե օգտատերը չի ցանկանում օգտագործել համակարգը, ապա բոլոր սարքավորումները առաջվա նման կաշխատեն:
Այժմ համակարգը կիրառվում է Սիեթլի որոշ տներում: Նախատեսվում է, որ այն զանգվածային բնույթ կստանա արդեն 2018 թվականին: