2017 թվականի սկզբին Mayfield Robotics ստարտափը ներկայացրեց Kuri անունով ռոբոտ, որն արձագանքում էր ձայնային հրամաններին: Վերջերս թիմը ներկայացրել է ռոբոտի նոր ծառայություն, որը ստացել է Kuri Vision անվանումը: Փոքրիկ ռոբոտը կօգտագործի մեքենական ուսուցման և դեմքի ճանաչման համադրություն` որոշելու համար, թե երբ է պետք տեսագրել:
Նոր ծառայության շնորհիվ ռոբոտը վերածվում է ընտանեկան տեսաօպերատորի, որն ամեն օր 8 տեսանյութ է տեսագրում` յուրաքանչյուրը 5 վայրկյան տևողությամբ:
Ռոբոտն օգտագործում է հատուկ ֆունկցիա` ընտանիքի անդամներին և նույնիսկ ընտանի կենդանիներին ճանաչելու համար:
Օգտատերերը կարող են տեսնել տեսանյութերը Kuri բջջային հավելվածում և նշել, թե որոնք են իրենց դուր գալիս, իսկ որոնք` ոչ: Դա հնարավորություն է տալիս ռոբոտին հասկանալ, թե կոնկրետ ինչն է պետք տեսագրել:
Ընկերության գլխավոր տնօրեն Մայք Բիբն ասել է, որ օգտատերերը կկարողանան ամբողջությամբ վերահսկել իրենց տեսանյութերը: Տեսանյութերն ավտոմատ կերպով կվերբեռնվեն Kuri հավելվածում, սակայն հասանելի կլինեն միայն տվյալ օգտատիրոջ համար: Նա կարող է վերբեռնել և կիսվել տեսանյութերով այլ վայրերում, սակայն ռոբոտն ինքը չունի սոցիալական փոխանակման հնարավորություն:
Ներկայումս ռոբոտը հասանելի է նախնական պատվերների համար: Գնորդները կկարողանան ձեռք բերել իրենց խելացի ռոբոտներին արդեն 2018 թվականի սկզբին: