Հետազոտողներին հաջողվել է ստեղծել MasSpec անվանումը ստացած գրիչ, որը կարող է որոշել հյուսվածքում քաղցկեղային բջիջների առկայությունն ընդամենը 10 վայրկյանում:
Երբ վիրաբույժները հեռացնում են հիվանդի ուռուցքը, նրանք միշտ բախվում են այն խնդրին` արդյոք բոլոր քաղցկեղային բջիջները հեռացվել են, թե ոչ: Որպես կանոն, ուռուցքի եզրերը ենթարկվում են վերլուծության վիրահատության ավարտից հետո, և եթե լինի կասկած, որ քաղցկեղային բջիջների մի մասը մնացել է օրգանիզմում, կարիք կլինի իրականացնել ևս մեկ վիրահատություն: Այդպիսով, իրական ռեժիմում հյուսվածքում չարորակ բջիջների առկայության ստուգման միջոցի մշակումը բացառիկ կարևորություն ունի ինչպես վիրաբույժների, այնպես էլ հիվանդների համար: Science Translational Medicine ամսագրում այս շաբաթ հրատարակված գիտական հոդվածում հետազոտողները ներկայացնում են հենց այդպիսի սարք:
MasSpec Pen-ն իրենից ներկայացնում է փոքր սարք, որն արտաքնապես հիշեցնում է սովորական գրիչ: Այն ընդունակ է որոշել հյուսվածքում քաղցկեղային բջիջների առկայությունն ընդամենը 10 վայրկյանում: Այն մեկ կաթիլ ջուր է կաթեցնում հետազոտվող հյուսվածքի մակերեսին: Այդ կաթիլը հյուսվածքից «ներծծում է» մոլեկուլներ, որոնք այնուհետև վերլուծվում են զանգվածային սպեկտրոմետրով` սարք, որը կարող է արագ չափել քիմիական նյութերի զանգվածը, իսկ այնուհետև համակարգը հաղորդում է` արդյոք հյուսվածքը չարորակ է, թե ոչ: Ստանալով նման ինֆորմացիա` բժիշկները կարող են որոշել պետք է արդյոք շարունակել վիրահատությունը, թե արդեն հեռացվել են բոլոր քաղցկեղային բջիջները:
MasSpec Pen սարքը փորձարկվել է մարդկային հյուսվածքների 253 նմուշների վրա և հայտնաբերվել է, որ այն դեպքերի 96%-ի դեպքում ճշգրիտ պատասխան է տվել: Այժմ գիտնականներն աշխատում են գրիչների վրա, որոնք կկարողանան վերլուծել հյուսվածքների ավելի փոքր հատվածները: Գիտնականները խոստովանում են, որ գոյություն ունեցող զանգվածային սպեկտոմետրերը բավականին մեծ են և թանկարժեք, և MasSpec գրիչը հնարավորինս օգտակար դարձնելու համար անհրաժեշտ կլինեն ավելի փոքր և ավելի մատչելի մոդելներ:
Այլ հետազոտողներ նախկինում արդեն մշակել են քաղցկեղային հյուսվածքի վերլուծության տարատեսակ մեթոդներ իրական ժամանակի ռեժիմում, այդ թվում վիրադանակ, որը կարող է տարբերել գլխուղեղի չարորակ և նորմալ հյուսվածքները, ֆլուորեսցենտով վիզուալիզացման համակարգ, իսկ վերջերս էլ հատուկ մանրադիտակ: Սակայն նմանատիպ սարքերի պահանջարկ վիրաբուժության մեջ դեռևս գոյություն ունի, և MasSpec գրիչը խոստումնալից և չափազանց ճշգրիտ սարք է: Հաջորդ տարի հետազոտողները ծրագրում են փորձարկել այն իրական վիրահատության ժամանակ: