Microsoft Word ծրագրում ստեղծվել է տեքստերը բարձրաձայն կարդալու ֆունկցիա, որը կօգնի դիսլեքսիայով տառապող օգտատերերին:
Երկար տարիներ շարունակ Microsoft ընկերությունը փորձարկել է բազմաթիվ տեքստային ֆունկցիաներ Word ծրագրում, սակայն, վերջապես, գտել է հուսալի միջոց այս ֆունկցիան իրականացնելու համար: Office 365-ի համար նախատեսված վերջին թարմացումներում ծրագրային հսկան հնարավորություն է տալիս օգտագործել այս նոր` տեքստը բարձրաձայն արտաբերելու ֆունկցիան Word ծրագրում: Այն նման է արդեն իսկ գոյություն ունեցող ընթերցանության ռեժիմին, որը ներկայացվել էր դեկտեմբերին, սակայն այժմ այն ներառում է ձայնը և արագությունը հեշտությամբ փոփոխելու հնարավորություն` միաժամանակ ճշգրտումներ կատարելով տեքստում իրական ժամանակում:
Այս նոր հնարավորությունները նշանակում են, որ ֆունկցիան կարող է օգնել դիսլեքսիայով տառապող օգտատերերին: Տեքստի բարձրաձայն արտաբերման հնարավորությունը նպաստում է սխալների հայտնաբերման և ուղղման գործընթացին: Այս ֆունկցիան կարող է օգնել նաև նրանց, ովքեր ուղղակի ցանկանում են ստուգել որևէ փաստաթուղթ: Read Aloud-ն իրենից ներկայացնում է ֆունկցիա, որը կարելի է օգտագործել ականջակալների միջոցով: Այժմ այն հասանելի է Office 365-ի փորձնական տարբերակներում, որը կդառնա հասանելի բոլորին այս տարվա վերջ: