Թվային օգնականների`Alexa-ի կամ Google Assistant-ի ամենատարածված կիրառությունը լույսի աղբյուրի միացնելն ու անջատելն է: Ուրեմն ինչո՞ւ չինտեգրել ձայնային օգնականը միանգամից սեղանի լամպի մեջ:
Հենց այդ պատճառով InstruMMents ընկերությունը թողարկել է իր նոր նախագիծը Indiegogo հարթակում, որը ստացել է Olie անվանումը: (Ընկերությունը հիմնադրվել է Misfit Shine-ի ստեղծողների կողմից): Սարքն իրենից ներկայացնում է խելացի լամպ` Google Assistant-ի կամ Alexa-ի աջակցությամբ:
Olie-ն հասանելի է մի քանի տարբերակներով` կան ինչպես սեղանի, այնպես էլ հատակի լամպեր: Սեղանի լամպը ներառում է նաև Qi ներկառուցված լիցքավորման սարքը, որը, ընկերության խոսքերով, պետք է ապահովի արագ լիցքավորում:
Սարքը պատրաստված է ալյումինից, կառավարվում է լամպի վերին հատվածում գտնվող սենսորի միջոցով և ունի չորս ներկառուցված խոսափող:
InstruMMents ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է սկսել սարքի վաճառքը 2018 թվականի հունիսին: Անլար լիցքավորմամբ հագեցած խելացի լամպը կարժենա 64 դոլար, իսկ ներկառուցված ձայնային օգնականով` 89 դոլար: