PowerWatch-ը ցույց է տալիս այրված կալորիաների քանակը, զարկերակային ճնշումը, եղանակը և աշխատում է սմարթֆոնի միջոցով: Ժամացույցը ջրակայուն է, կարող է դիմանալ մինչև 50 մետր խորության ճնշմանը, իսկ սառնամանիքին ավելի լավ է աշխատում:
Matrix Industries ամերիկյան ընկերությունը սկսել է իր առաջին հաճախորդներին ուղարկել PowerWatch խելացի ժամացույցները, որոնք լիցքավորվում են մարդու մարմնի ջերմությունից: Թերմոէլեկտրական տեխնոլոգիայի օգնությամբ ժամացույցը հավաքում է օրգանիզմի կողմից արտադրվող ջերմությունը և դարձնում այն էներգիայի աղբյուր, որն անընդհատ լիցքավորում է մարտկոցը: Ընդ որում, այդ ամենը տեղի է ունենում առանց որևէ լարերի կամ տվիչների անհրաժեշտության:
Մարդու օրգանիզմն արտադրում է միջինը 100 Վտ ջերմություն, իսկ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում այդ թիվը կարող է հասնել մինչև 1 կՎտ (ինչը բավարար է 10 լիտր ջուր եռացնելու համար): Որքան շատ ջերմային էներգիա է արտադրում մարմինը (օրինակ, մարզումների ժամանակ), այդքան շատ էներգիա է արտադրում PowerWatch-ը: Լիցքավորման մակարդակը ցուցադրվում է թվատախտակի վրա: Բացի այդ «խելացի» ժամացույցները ցույց են տալիս այրված կալորիաների քանակը, եղանակը:
Առաջին նախատիպի ստեղծման համար Matrix ընկերության թիմին անհրաժեշտ է եղել ավելի քան հինգ տարի: Դիզայնը մշակվել է բարձրակարգ մասնագետների կողմից, այդ պատճառով PowerWatch-ը ստացվել է գեղեցիկ և նորաձև: Խելացի ժամացույցների գինը տատանվում է 169 դոլարից մինչև 249 դոլար: Հունվարին ստարտափը քրաուդֆանդինգի քարոզարշավ է սկսել Indiegogo հարթակում, իսկ այս ամիս առաջին ժամացույցներն արդեն կուղարկվեն հաճախորդներին: