Rolls-Royce բրիտանական ընկերությունը սկսել է զբաղվել անօդաչու բեռնատար նավերի մշակմամբ, որոնք կոչված են փոխել բեռնափոխադրումների աշխարհը: Դա կլինի բեռների տեղափոխման մատչելի և էկոլոգիապես մաքուր միջոց:
Մշակողների թիմն արդեն պատրաստել է վիրտուալ համակարգի նախատիպը, որն ընդունակ է ամբողջովին վերահսկել հարյուրավոր ինքնավար նավերի փոխադրումները: “Ժամանակակից տեխնոլոգիաները հասել են այն մակարդակի, երբ նմանատիպ նախագիծը կարող է իրականություն դառնալ”,- նշել է ծովային տեխնոլոգիաների մասնագետ Օսկար Լևանդերը:
Ինքնավար նավերը խոստանում են դարձնել փոխադրումներն առավել մատչելի: Նախ, կարիք չի լինի ծովագնացներին աշխատավարձ վճարել (անձնակազմի սպասարկում` դա բեռնափոխադրումների բոլոր ծախսերի մոտ կեսն է): Երկրորդ, նմանատիպ նավերն ավելի թեթև են, ուստի ծախսում են զգալիորեն ավելի քիչ վառելիք: Անօդաչու բեռնափոխադրումների տեխնոլոգիայի զարգացումը կարող է դառնալ համաշխարհային տնտեսության գլոբալացման համար զգալի խթան:
Մասնագետների կարծիքով նախագծի հիմնական խնդիրն օրենսդրության անկատարությունն է: Բազմաթիվ երկրներում գործում են խիստ օրենքներ, որոնք կարգավորում են նավերի օգտագործման անվտանգությունը: Դրանցից և ոչ մեկը չի ենթադրում անօդաչու բեռնափոխադրումների հնարավորությունը: Անհրաժեշտ կլինեն երկար տարիներ տարբեր պետություններում բոլոր իրավական հարցերը կարգավորելու համար :