Chowbotics ընկերությանը հաջողվել է ստանալ 5 միլիոն դոլարի վենչուրային ֆինանսավորում սնունդ պատրաստող ռոբոտների ստեղծման նախագծի համար: Սրանք մեքենաներ են, որոնք նախատեսված են ռեստորաններում, սրճարաններում և հյուրանոցներում, ինչպես նաև օդանավակայանների, առևտրի կենտրոնների և հիվանդանոցների սննդի կետերում ճաշատեսակների պատրաստման համար: Ընկերության առավել կատարյալ արտադրանք է հանդիսանում Sally անունով ռոբոտը, որը նախատեսված է աղցաններ պատրաստելու համար: Ռոբոտն օգտագործում է մթերքի 20 տարա` ավելի քան 1000 տեսակի տարատեսակ աղցան պատրաստելու համար:
Chowbotics ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Դիպակ Սեկարի խոսքերով` ընկերությունը գտնվում է Sally-ի արտադրության փորձարարաարդյունաբերական շահագործման փուլում և ռոբոտը շուկայում կհայտնվի այս գարնանը: Այն հարցին, թե արդյոք Sally ռոբոտն ունի տնային օգտագործման տարբերակ, Սեկարը պատասխանել է, որ նմանատիպ մոդելի ստեղծումը նախատեսվում է ոչ շուտ, քան հինգ տարի անց: Սեկարը համեմատել է այս իրավիճակը համակարգիչների կատարելագործման գործընթացի հետ:
60-ական թվականներին համակարգիչները պահանջում էին չափազանց մեծ տարածքներ տեղադրման համար և աստղաբաշխական գներ ունեին: Այնուհետև ի հայտ եկան մինի համակարգիչներ, որոնք առավել հասանելի դարձան ձեռնարկությունների համար 70-ական թվականներին: Ավելի քան 10 տարի է անցել անձնական համակարգչի հայտնվելուց հետո: Կարելի է ասել, որ սննդի արդյունաբերությունն այժմ գտնվում է մինի համակարգչի փուլում, որտեղ ռոբոտները դուրս են եկել գործարաններից և պատրաստվում են հաստատվել սննդի ձեռնարկություններում:
Մի շարք պատվիրատուներ պատրաստ են փորձարկել աղցաններ պատրաստող այս ռոբոտը: Սկզբում Sally-ն կփորձարկվի Կեմպբելում գտնվող Mama Mia’s իտալական ռեստորանում, Սան-Ֆրանցիսկոյում գտնվող Galvanize ձեռնարկության ճաշարանում, ինչպես նաև Տեխասում գտնվող կորպորատիվ սրճարանում:
Sally ռոբոտի այսօրվա տարբերակը կարող է աշխատել ռեստորանի խոհանոցում, որտեղից մատուցողները կարող են ստանալ աղցանները և մատուցել հաճախորդներին: Սակայն ընկերությունը նաև ստեղծում է մոդել, որը կկարողանա աշխատել որպես սենսորային էկրանով ավտոմատ սարք` աղցաններ պատվիրելու և քարտով վճարելու համար: Sally-ն կարող է աշխատել նաև օդանավակայաններում, հիվանդանոցներում և այլ վայրերում, որոնք աշխատում են շուրժօրյա և ցանկանում են առաջարկել առողջ սնունդ օրվա ցանկացած ժամին:
Ռոբոտի կողմից պատրաստված աղցաններում կարելի է հստակ որոշել կալորիաների քանակը, որի մասին հաճախորդն իմանում է պատվերի ժամանակ: Սեկարը հուսով է, որ արագ սննդի արդյունաբերությունը և արագ սպասարկման ռեստորանները այս ռոբոտի շնորհիվ կկարողանան սեփական առողջության մասին հոգ տանող ավելի շատ հաճախորդների ներգրավել: Սննդի ձեռնարկությունների մեծ մասն այսօր կարող է առաջարկել աղցանների ընդամենը մի քանի տեսակ, ասում է նա, որոնք ավելի քան 400 կալորիա են պարունակում: Sally-ի հաճախորդները կարող են օգտվել Chowbotics ընկերության աղցաններից կամ առաջարկել ռոբոտին իրենց սեփական բաղադրատոմսերը:
Լրացուցիչ ֆինանսավորումը Chowbotics ընկերությանը թույլ կտա նոր մասնագետներ վարձել ռոբոտների մշակման և արտադրման համար, որոնք կկարողանան պատրաստել մի շարք այլ ուտեստներ: